Հայաստան 

Ինչպես կիսով չափ հղի լինել չի կարելի, այնպես էլ՝ լինել ԵՏՄ-ում ու ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել. Բ. Տարասյուկ

analitik.am

Ինչպես չի կարելի կիսով չափ հղի լինել, այնպես էլ չի կարելի լինել Եվրասիական տնտեսական միությունում ու Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել:



Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը՝ պատասխանելով հարցին, թե  հնարավոր է ԵՄ-ի և Հայաստանի միջև նոր Ասոցացման համաձայնագիր ստորագրվի:



Բորիս Տարասյուկը հավելեց, որ Հայաստանն  Ասոցացման համաձայնագիր ստորագրել չի կարող, որովհետև նա արդեն իսկ կատարել է իր ընտրությունը՝ գնալով  ԵՏՄ: «Հայաստանն ընտրել է ԵՏՄ-ն, ոչ թե ԵՄ-ն: Անհնար է լինել և՛ ԵՏՄ-ում, և՛ ԵՄ-ի հետ նոր պայմանագիր ստորագրել»,- ասաց համանախագահը:



Եվրանեսթի համանախագահ Հեյդի Հաուտալան, այնուամենայնիվ, լրացրեց, որ որպես եվրոպացի պատվիրակներ հասկանում են, թե ինչու Հայաստանն ընտրեց ԵՏՄ-ի ճանապարհը: «Եվ մենք գոհունակությամբ ենք նշում, որ հիմա նոր քննարկումներ են ընթանում նոր համաձայնագրի մասին` քաղաքական մասով»,- ասաց նա։



ԳԱԼԱ-ի հարցին, թե ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանը Եվրանեսթի աշխատանքների իր ողջույնի խոսքում  հայտարարեց, որ Հայաստանը քայլում է ժողովրդավարության ճանապարհով, և ըստ այդմ, ինչ  դիրքորոշում ունի ՀՀ Նախագահի նախաձեռնած սահմանադրական բարեփոխումների մասին,  հիմա  դրանք անհրաժե՞շտ են,  թե՞ ոչ,  Եվրանեսթ խորհրդարանական  վեհաժողովի համանախագահ Հեյդի Հաուտալան ասաց, որ լավատեղյակ չէ Հայաստանի իրողություններից, բայց ավելացրեց. «Ես կարծում եմ՝ խորհրդարանական կարգը ավելի ժողովրդավարական է, քան նախագահականը: Իմ երկրում` Ֆինլանդիայում, անցում կատարվեց խորհրդարանական կառավարման մոդելին, և դա ժամանակակից մոդել է»:



Ի պատասխան  հարցի, թե ԵՄ-ն չի  պատրաստվում վերանայել ֆինանսական իր քաղաքականությունը, այսինքն՝ չկա ափսոսանք, որ  միլիոնավոր եվրոներ  են հատկացվում այս կամ այն ոլորտում բարեփոխումների համար,  սակայն  էական տեղաշարժեր չեն արձանագրվում, Հեյդի Հաուտալան ասաց, որ  շատ կարևոր է ԵՄ-Հայաստան հարաբերությունների հարցում  կոռուպցիայի  դեմ պայքարը, նաև  դատական իշխանության արդար ու անկախ լինելը:



«Բայց ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որ Հայաստանը շարունակի ազատ ԶԼՄ-ների և  քաղաքացիական հասարակության կառուցումը: Այս քննարկումների ընթացքում մեզ համար լակմուսի թղթի պես մի բան դարձավ, որ Հայաստանը գնում է ճիշտ ճանապարհով»,- ասաց նա:

Նույն շարքից