Հայաստան 

Չափազանց կարևոր է Ռուսաստանի նախագահի` մեր երկրների արժութային միության ձևավորման արագացման արդիական նախաձեռնությունը․ Նարիշկին

analitik.am

ԱՄՆ–ն և Բրյուսելն իրենք են ստիպում Ռուսաստանին և նրա դաշնակիցներին Հյուսիս–Հարավ փոխազդեցության նոր առանցք ձևավորել, ասաց Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը։



«Մենք տեսնում ենք, որ այսօր Վաշինգտոնի ճնշման ներքո կանգ է առել Հարավ–Արևելք գծով` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ, ընդհանուր եվրոպական տարածքի ձևավորումը»,– ասաց Նարիշկինը` երեքշաբթի ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում մշտապես գործող «Եվրասիական տնտեսական հեռանկար» ֆորումի շրջանակում հրավիրված «կլոր սեղանի» ընթացքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։



Ըստ նրա` ավելորդ է կրկնել, որ ներկայում ԵՏՄ–ն շատ բարդ պայմաններում է աշխատում։ «Դրանք և գլոբալ ճգնաժամային երևույթներն են, և անօրինական  ճնշումը, իսկ եթե ճշգրիտ և անկեղծ լինենք, դա կոպիտ շանտաժ է` տնտեսական և քաղաքական, Բրյուսելի և Վաշինգտոնի կողմից ամեն տեսակ պատժամիջոցի տեսքով, և, ընդհանուր առմամբ, իհարկե, միջազգային լարվածության ուժեղացում»,– ընդգծեց Նարիշկինը։



Դրանով իսկ ավելի արդիական է, վստահ է նա, նոր, անվտանգ, կայուն և քաղաքականակենտրոն աշխարհակարգի ձևավորման հարցը։ Դա, նշեց խոսնակը, նշանակում է, որ «ուժի կենտրոնները չեն դիմակայում, այլ գործակցում են միմյանց հետ, լուծում են իրենց ներազգային խնդիրները ոչ թե ի վնաս ուրիշների, այլ հենվելով աշխարհի բոլոր տարածաշրջանների հետ փոխշահավետ, կառուցողական գործակցության վրա»։



Նախևառաջ, ավելացրել է քաղաքական գործիչը, Եվրասիական մայրցամաքի ուժի այլ կենտրոնների, ինչպես ԵՄ–ի, այնպես էլ Հարավ–Արևելյան և Հարավային Ասիայի երկրների հետ։ Այսօր ստեղծված իրավիճակը միայն արագացնում է «Հյուսիս–Հարավ» առանցքով համագործակցությունը` Մուրմանսկից մինչև Դելի, Շանհայ և Հանոյ», ասաց Նարիշկինը։



Նա նաև ուշադրություն հրավիրեց վերջին տարիների իրադարձություններին այն տեսանկյունից, թե միջազգային գործակցությանն ինչ վնաս է հասցնում «ամերիկյան արժույթի մենաշնորհը»։ «Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է Ռուսաստանի նախագահի` մեր երկրների արժութային միության ձևավորման արագացման արդիական նախաձեռնությունը»,– ասաց Պետդումայի նախագահը։



Ինչպես նշում է խոսնակը, անօրինական պատժամիջոցների հետևանքով առաջացած բարդություններն այժմ ոչ միայն հաջողությամբ հաղթահարվում են, այլ նույնիսկ նպաստում են եվրասիական ինտեգրմանը։



«Այսպես, ներկրման փոխարինման ռուսական քաղաքականությունը խթանում է ինչպես հայրենական արտադրությունը, այնպես էլ արտադրությունը ԵՏՄ բոլոր երկրներում»,– ավելացրեց Նարիշկինը։



Նա ընդգծեց, որ փորձագետները նշում են, որ հակառուսական պատժամիջոցներն ամենից ավելի հարվածել են Ուկրաինային և Մոլդովային, որոնք ընտրել են ԵՄ–ի հետ ասոցացման ուղին։ 

Նույն շարքից