Հասարակություն Տեսանյութեր 

Աստղային երաժշտությունն արդեն հասանելի է համացանցում (Տեսանյութ)

analitik.am

 

«Աստղային հնչյունները» (Starsounds) հետաքրքրաշարժ նախագիծը, որն իրենից ներկայացնում է ստեղծագործություն՝ կազմված աստղերից արձակվող ալիքներից, համադրված  բարդ հարմոնիայով ու տպավորիչ վիզուալ էֆեկտներով,  արդեն հասանելի է համացանցում։

Ծրագիրը հիմնված է անվանի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի՝ «Մեր ակուստիկ տիեզերքը» և «50 տարի մարդը տիեզերքում» դասախոսությունների վրա։

2005թ. Գարիկ Իսրայելյանը՝ հավաքագրելով աստղերից   արձակվող ուլտրաձայնային հնչյունները,  դրանք միավորել է մի մեծ գրադարանում։ «Սթարմուսն» ու աստղային երաժշտության գրադարանը ոգեշնչել են բազմաթիվ ստեղծագործողների։ Արդյունքում՝ այսօր մենք ունկնդիրն են դարձել աստղերի դյութիչ հնչյունների։

«Աստղային հնչյունները» (Starsounds) «Սթարմուս» (STARMUS- Stars and Music), գիտության ու արվեստի միջազգային ամենամյա փառատոնի նախագծերից է, որն անց է կացվում Գարիկ Իսրայելյանի և հանրաճանաչ Քվին (Queen) խմբի գիթառահար Բրայան Մեյի նախաձեռնությամբ՝ տիեզերագիտությունը մեկտեղելով երաժշտության հետ։

Աստղային երաժշտությունը գործիքավորել է Բրայան Մեյը։ Հանրաճանաչ երաժիշտը Իսրայելյանի գրադարանի ակուստիկ ալիքները նոր հարթության վրա է դրել՝ արագացնելով դրանք մարդու ականջին  լսելի մակարդակի։

Այնուհետև՝ DNEG համաշխարհային ճանաչում ունեցող վիզուալ էֆեկտների ստուդիան, աստղային երաժշտությունը համակցել է աստղային ալիքների և Արեգակի սկավառակի պատկերներով։

2021թ.-ին «Սթարմուս» (STARMUS) փառատոնը հյուրընկալվելու և անց է կացվելու Հայաստանում:

Նույն շարքից