Կորոնավիրուս Հասարակություն 

Լիտվայից ժամանած պատվիրակությունն ավարտել է առաքելությունը

 

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, փոխդեսպան Նիդա Դալմանտայտեին, Լիտվայից ժամանած պատվիրակության ղեկավար Մարիուս Չիուրլիոնիսին և պատվիրակության մի քանի անդամների, շնորհակալություն հայտնել նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։

«11 հոգուց բաղկացած պատվիրակությունը Լիտվայից Հայաստան էր ժամանել երկու շաբաթ առաջ` իր հետ բերելով բժշկական պաշտպանիչ պարագաներ, սարքավորումներ և Covid-19-ի ախտորոշման թեստեր:

Բժիշկներն աշխատել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և «Վնասվածքաբանության և Օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի» վերակենդանացման բաժանմունքներում, իսկ փորձագետների թիմը՝ առողջապահության նախարարությունում, ՀՀ Ան Առողջապահության ազգային ինստիտուտում, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և «Նորք ինֆեկցիոն» կլինիկական հիվանդանոցում։

Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն հույս է հայտնել, որ Լիտվայի կողմից Հայաստանին ցուցաբերված աջակցությունը դրական ազդեցություն կունենա ոչ միայն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, այլև դրանից հետո:

Դեսպանը նաև իր շնորհակալությունն է հայտնել նախարարին ջերմ ընդունելության համար և խոսքը փոխանցել Մարիուս Չիուրլիոնիսին, ով ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ իրենց դիտարկումները, եզրակացությունները և արել առաջարկներ` ներկայիս իրադրության շուրջ:

Անդրադառնալով Մարիուս Չիուրլիոնիսի առաջարկներին՝ Արսեն Թորոսյանը նշել է, որ լաբորատորիաների ընդլայնման հարցը նախարարության առաջնահերթություններից է և այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն մեկնարկել են: Նախարարը կարևորել է գործընկերների աջակցությունը և շարունակական համագործակցության հույս հայտնել:

Հանդիպման ավարտին առողջապահության նախարարության կողմից, ի նշան երախտագիտության, պատվոգրեր և փոքրիկ հուշանվերներ են հանձնվել Լիտվայից ժամանած պատվիրակության անդամներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից