Վերլուծական Քաղաքականություն 

Ամուլսարի վերաբերյալ Արամ Սարգսյանի հայտարարությունը «պռոբնի շա՞ռ» է

analitik.am

 

Սոցկայքի հայկական տիրույթը RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից կարծես թե սահուն անցում է կատարում Արամ Սարգսյանին: Իսկ պատճառն Ամուլսարի վերաբերյալ վերջինիս գրառումն է:

«Երեկ Վարդավառ էր, տոնը նաև ցույց տվեց, որ Սևանը լուրջ պրոբլեմ ունի՝ կոյուղաջրերի, ձկնաբուծարաններից թափվող աղբի և բազմաթիվ բնապահպանական հարցերի, որոնցից ես չեմ հասկանում, որովհետև բնապահպան չեմ։

Սևանի մասին «մտածող» ու Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» ջան, բա ո՞ւր եք, ինչո՞ւ քուրձ չեք հագնում ու գլխներիդ մոխիր չեք լցնում, լավ, ռեալիստական երևալու համար գոնե մայկաներդ ճղեք։

Չեք անի, որովհետև Սևանի համար վճարող չկա, իսկ դուք, հայրենի բնությանը մինչև վերջ նվիրված մարտիկի դիմակի տակ՝ փող եք աշխատում ու ձեր տունը պահում՝ արհամարհելով ՀՀ պետականությունը, պետությունը, օրենքը, վնասելով տնտեսությանը, կտրելով մյուսների, այդ թվում՝ զինվորի հացը ու փամփուշտի փողը:

Զինվորի, որ ձեր տունն ու անվտանգությունն է պահպանում: Պինդ կանգնեք տեղներդ, տղերք, պետություն, զինվոր ի՞նչ կարևոր է, կարևորը ճիշտ ժամանակին աշխատավարձ տան, չուշացնեն...»,-գրել է նա իր էջում:

Ամուլսարի թնջուկը կարծես թե չի լուծվում: Փաշինյանը ոչ մեկ անգամ է հայտարարել՝ եթե հանքի շահագործումը վնասի բնությանը, դա տեղի չի ունենա, իսկ եթե նման եզրակացություն չկա, ուստի չկա նաև հիմք արգելելու դա:

Վերջին օրերի զարգացումները ցույց են տալիս, որ իշխանությունները կարծես թե որոշել են ամեն դեպքում կողմ արտահայտվել հանքի շահագործմանը, ինչի մասին գրում է նաև մամուլը:

Իշխանությունները վերջին շրջանում տարբեր միջոցներով ցանկանում են հասկանալ քաղաքացիների հնարավոր արձագանքը հանքի շահագործմանը, որպեսզի հասկանան իրենց հետագա անելիքները:

Չի բացառվում, որ Սարգսյանի այս հայտարարությունը ևս «պրոբնի շառ» է: Քանի որ Փաշինյանի ձեռքերը կապված են, նա իր դաշնակցի միջոցով ցանկանում է ստուգել Ամուլսարի պահապանների զգոնությունը, որպեսզի պլանավորի իր անելիքը: Իսկ հանքի շահագործումը լուրջ աջակցություն կլինի կորոնավիրուսի պատճառով այս կամ այն չափով տուժող տնտեսությանը:

 

 

Նույն շարքից