Քաղաքականություն 

Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման

 

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:  Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

«Դրանցով առաջարկվում է ստեղծել մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 25 դատավորի թվակազմով, որոնցից 20-ը կքննեն ՀՀ քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, իսկ 5-ը՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա ներկայացված դիմումներից և հայցապահանջներից բխող գործերը:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է նաև ստեղծել մասնագիտացված վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ առնվազն 10 դատավորի թվակազմով։

Ըստ նախագծերով առաջարկվող փոփոխությունների՝ Վճռաբեկ դատարանում քրեական պալատը գործելու է 8 դատավորի թվակազմով, իսկ քաղաքացիական և վարչական պալատը՝ 13 դատավորի թվակազմով։

Նախագծերով սահմանվել են հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի և վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի համալրման կարգը, դատավորներին ներկայացվող պահանջները, դատավոր նշանակվելու սահմանափակումները, բոլոր ատյաններում դատավորների թեկնածուների բաերվարքության ստուգման կառուցակարգերը:

Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգում ներգրավված մարմինների ընդհանուր բարեվարքության ամրապնդման նպատակով՝ Նախագծերի փաթեթով առաջարկվում է բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պահանջ սահմանել նաև դատախազների թեկնածուների համար, ինչը կնպաստի դատախազության համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազմանը և բարեվարքության ամրապնդմանը:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ կողմերի լայն մասնակցություն՝ առաջարկությունների և դիտարկումների տեսքով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից