Միջազգային 

ԱՄՆ նախագահական ընտրությունները հետաձգելու հնարավորությունը

Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են անցկացնել 2020թ․ նոյեմբերի 3-ին, սակայն կորոնավիրուսի համավարակը նաև իր ազդեցությունն է ունեցել ԱՄՆ ընտրական ողջ գործընթացի վրա։ Եթե Դեմոկրատական ազգային համագումարը նախատեսված էր անցկացնել հուլիսի 13-16, ապա հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակը՝ վերջինիս անցկացումը տեղափոխվել է օգոստոսի 17-20-ը։ Իսկ Հանրապետականների ազգային համագումարը նշանակվել է օգոստոսի 24-27-ը։ Համագումարների ընթացքում Հանրապետական կուսակցության և Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուներ նշանակվելուց հետո նոյեմբերի ընտրության ժամանակ Դոնալդ Թրամփին և Ջո Բայդենին անհրաժեշտ կլինի ստանալ 538 ընտրիչներից 270-ի ձայնը նախագահ ընտրվելու համար։ Նոր նախագահը հանդիսավոր կերպով պաշտոնը կստանձնի 2021թ․ հունվարի 20-ին։

Սակայն, ընտրության անցկացման օրվա հետ կապված քննարկումներ սկսեցին, երբ նախագահ Թրամփը իր թվիթում առաջարկեց հետաձգել նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրությունները մինչ մարդիկ կարողանան պատշաճ, անվտանգ և ապահով քվեարկել, քանզի փոստային քվեարկությունը, ըստ նախագահի, կբերի կեղծված և ոչ ստույգ արդյունքների։ Թերևս սա առաջին անգամը չէր, որ նախագահը մտահոգություն էր հայտնում ընտրության ընթացքում հնարավոր կեղծիքների մասին։ Այնուհանդերձ, հենց ինքը նախագահը իրավասություն չունի փոխելու ընտրությունների օրը, դա կարող է արվել միայն Կոնգրեսի երկու պալատների համաձայնության պարագայում։

ԱՄՆ սահմանադրության հոդված երկուսը Կոնգրեսին օժտում է ընդհանուր ընտրությունների անցկացման օրն ընտրելու լիազորությամբ։ Իսկ 1845 դաշնային օրենքը ընտրությունների օրը սահմանել է նոյեմբերի առաջին երկուշաբթիին հաջորդող երեքշաբթի օրը։ Այս օրը փոխելու համար անհրաժեշտ կլինի փոխել դաշնային օրենքը։ Դա կնշանակի օրենսդրություն՝ հաստատված Կոնգրեսի, ստորագրված նախագահի կողմից և վիճարկվելի դատարաններում։

Սպիտակ տանը ճեպազրույցի ընթացքում նախագահը ևս մեկ անգամ նշեց, որ եթե ընտրությունները տեղի ունենան, դրանք պատմության մեջ ամենակեղծված ընտրությունները կլինեն։ Ըստ նախագահի՝ նա չի ցանկանում հետաձգել ընտրությունները, բայց նաև չի ցանկանում երեք ամիս սպասել և հետո պարզել, որ բոլոր քվեաթերթիկները կորել են և ընտրությունը առ ոչինչ է։ Ըստ նախագահի՝ դեպքերը հենց այդպես էլ կզարգանան։

Նախագահ Թրամփի մի շարք քննադատներ պնդում են, որ այս քայլով նա փորձում է ուշադրությունը շեղել տնտեսության մասին սարսափելի նորություններից: Պատճառն այն է, որ նախագահական ընտրությունները հետաձգելու մասին Թրամփը իր թվիթերյան էջում հայտարարություն տարածեց Առևտրի դեպարտամենտի կողմից այն հայտարարությունից րոպեներ անց, որտեղ նշվում էր ԱՄՆ ՀՆԱ-ի մինչև հունիսի 30-ն ընկած վերջին երեք ամիսների ընթացքում 9․5 տոկոս անկման մասին, որը գրանցված ամենախոշոր եռամսյակային անկումն էր։

Ընտրության հնարավոր հետաձգման գաղափարը աջակցության չի արժանացել նաև հանրապետականների շրջանում, մասնավորապես սենատոր և Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը հայտնել է, որ «ԱՄՆ պատմության մեջ պատերազմների, ճգնաժամերի և քաղաքացիական պատերազմի ընթացքում անգամ չի եղել այնպես, որ դաշնորեն պլանավորված ընտրությունը ժամանակին չիրականացվի և, որ տարբերակ կգտնենք այդ անել նաև այս տարվա նոյեմբերի 3-ին»։

Նման արձագանք է տվել նաև Ներկայացուցիչների պալատի հանրապետական փոքրամասնության ղեկավար Քևին ՄքՔարթին նշելով, որ «դաշնային ընտրությունների պատմության մեջ երբրևէ չի եղել այնպես, որ ընտրությունը չանցկացվի, և այդպիսով ընտրությունները պետք է անցկացնել»։

Անգամ Թրամփի դաշնակից սենատոր Լինդսի Գրահամը հայտնեց, որ «դա լավ գաղափար չէ»։ Միևնույն ժամանակ ըստ Թրամփի վերընտրման քարոզարշավի խոսնակի՝ Թրամփը «պարզապես հարց էր բարձրացնում»։

Այդուհանդերձ մի քանի օր անց Թրամփը նշեց, որ երբեք չի մտածել ընտրության օրը փոխելու մասին։ Նոյեմբերի 3-ը լավ թիվ է և ինքն անհամբերությամբ սպասում է ընտրությանը։

Նախկինում ընդհանուր ընտրությունների օրը փոխելու հետ կապված ևս խոսակցություններ եղել են։ Դա տեղի է ունեցել 2004թ․, երբ Բուշի վարչակազմի որոշ պաշտոնյաներ քննարկում էին ահաբեկչական հարձակման պարագայում դաշնային ընտրությունները հետաձգելու մեթոդ ստեղծելու ուղղությամբ։ Բայց այդ գաղափարը շատ արագ անհետացավ և այն ժամանակ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Կոնդոլիզա Ռայսը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «ընտրություններ է անցկացրել դեռ այն ժամանակ, երբ մենք պատերազմի մեջ էինք գտնվում, նույնիսկ երբ քաղաքացիական պատերազմ էր ընթանում։ Եվ մենք պետք է ժամանակին անցկացնենք ընտրությունները»։

Թեև նախագահական ընտրությունների անցկազման օրը որոշված է դաշնային օրենքով, այնուամենայնիվ ընտրելու կարգը ղեկավարվում է նահանգների մակարդակով։

Դա է պատճառը, որ ԱՄՆ-ում գործում է քվեարկության կարգավորումների նման բարդ համակարգ, երբ որոշ նահանգներ թույլ են տալիս վաղաժամ կամ հեռակա քվեարկություն, որոշները թույլ են տալիս քվեարկել փոստով կամ նույն օրը ընտրողի գրանցման միջոցով, մյուսները պահանջում են ինչ-որ ձևով ինքնության հաստատում քվեարկողների համար և շատ նահանգներ վերոնշյալից ոչ մեկը չեն անում կամ միայն անում են մի քանիսը։

Armenian Center for American Studies

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից