Հասարակություն 

Թոփուզյանը Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների՝ կրթության վերաբերյալ սկզբունքների սողոսկում է տեսնում կրթական չափորոշիչների մեջ

analitik.am

 

Ես չգիտեմ, թե որ երկրի չափորոշիչներն են ընդօրինակվել, սակայն ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու ենք մենք դասավանդվող առարկայի ուսուցումը հիմնում հասկացությունների ու ենթահասկացությունների հիման վրա, մանավանդ, որ որոշ առարկաների դեպքում դրանց ընտրությունն անտրամաբանական է:

Օրինակ Հայոց պատմություն առարկայի շրջանակներում ընտրված 4 հիմնական հասկացություններն ու ենթահասկացություններն ամբողջովին թերի են: Մեր ողջ պատմության ընթացքում եկեղեցին, դպրոցն ու ընտանիքը պետականության ու պետության դեր են խաղացել:

Ինչպե՞ս կարող են այդ հասկացություններից ու ենթահասկացություններից դուրս մնալ այդ հասկացությունները: Նույն Հայոց պատմություն առարկայի մեջ վերջնարդյունքում երեխաները պետք է գաղափար կազմեն Հայաստանի կրոնի մասին: Այստեղ հեղաինակները խուսափել են գրել քրիստոնեություն բառը:

Առհասարակ, երբ նայում ենք Հայոց պատմություն առարկայի ծրագրի բովանդակությունը, ազգային, հայ հասկացությունները չկան: Ավելին՝ պայքար, կոնֆլիկտ հասկացություն կա:

Եվ այն ձևով է դրված, որ կարծես թե ազատագրական պայքարի մասին է խոսքը, որը վերածվել է կոնֆլիկտի: Ինչպե՞ս կարելի է սրա հետ համակերպվել: Այս մասին ՀԽ-ում կրթական չափորոշիչների քննարկման ժամանակ հայտարարեց Մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի վարիչ, Հանրային խորհրդի գիտության, կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Աիդա Թոփուզյանը:

Տիկին Թոփուզյանի խոսքերով, որոշ առարկաների ծրագրում համահունչ չեն ուսումնական գործունեության տեսակները և խաչվող կամ ընդհանրական հասկացություններ բաժինները:

«Ես մի նուրբ հարցի եմ ուզում մոտենալ, դա Ստամբուլյան և Լանզարոտեի կոնվենցիաների կրթության վերաբերյալ սկզբունքների սողոսկումն է այդ չափորոշիչների մեջ: Ընդ որում՝ շատ վարպետորեն քողարկված ձևով»,-ասաց նա:

«Կենսաբանություն առարկայի մեջ խայտառակ բաներ կան: Կենսաբանությունը, մաթեմատիկա և հայոց լեզու առարկաների միջառարկայական կապերի պահանջներ է դրել:

Մաթեմատիկա առարկայից պահանջվում է սովորեցնել կանանց վերաարտադրողական ցիկլի հորմոնային կարգավորման վերաբերյալ տվյալները և դրանք ներկայացնել գրաֆիկորեն»,-հավելեց նա՝ նշելով, որ կենսաբանություն առարկան դպրոցում պետք է դաստիարակի սեռական պատկանելիությանը համապատասխան վերաբերմունք ու վարքագիծ, ոչ ասելու կարողություն ու կամքի, չափի զգացում ունենալու, սեփական մարմինը մաքուր պահելու կարողություն, ոչ թե օտարերկրյա արժեքների սողոսկում հայ իրականության մեջ․ «Այս չափորոշիչներով ՀՀ քաղաքացի հնարավոր չէ դաստիարակել»,-ասաց նա:

Նույն շարքից