Իրավական Տեսանյութեր 

Ինչ փաստաթղթեր են տարել 6-րդ վարչության աշխատակիցները «M Group»ից. Պարզաբանում է փաստաբանը

analitik.am

 

«M Group»-ում ոստիկանության գործողություններն ավարտվեցին: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ընկերության փաստաբանը. «Ցավով ուզում եմ նշել, որ մեր ոստիկաններն այդպես էլ չհասկացան, որ պետք է գործեն օրենքի տառով: Այսօր Սահմանադրությունն այնքան են ոտնատակ տվել, որ ոստիկանները մոռացել են Սահմանադրության 32-րդ հոդվածի մասին»:

Փաստաբանի խոսքերով, դիմակավորված ոստիկանները սահմանափակել են իրենց վստահորդի սեփականության հանդեպ իրավունքը. «Դա ցույց է տալիս, որ մեր երկրում Սահմանադրությունը կյանքի կոչող չկա»:

Փաստաբանն ասաց, որ արձանագրել են բոլոր խախտումները, հանդես են եկել հանցագործության մասին հաղորդմամբ, որ ոստիկաններն իրենց լիազորությունները սահմանազանցել են, կատարել են ոչ թե դեպքի վայրի զննություն, այլ խուզարկությանն ու առգրավվմանը բնորոշ գործողություններ. «Դուք տեսաք, որ 5 փաթեթ հաշվապահական բնօրինակ փաստաթղթեր առգրավվեցին, տարան և սա այն դեպքում, որ նման գործողություն կատարելու իրավասություն չունեին, քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշում առկա չէր»:

Փաստաբաններն ակնկալում են, որ Գլխավոր դատախազը պետք է արձագանքի ապօրինություններին. «Մենք հաղորդում ենք ներկայացնելու ՀՔԾ, հույս ունենք, որ մեղավորները պատասխանատվության կենթարկվեն»:

Փաստաբանների համար այդպես էլ պարզ չի եղել, թե ինչ հիմքով են իրավապահները գործողություններ իրականացրել. «Մեզ հրաժարվել են տեղեկություններ հաղորդել ենթադրյալ հանցագործության քննության մասին: Այս կապակցությամբ էլ ենք մենք հայտարարությամբ հանդես եկել: Նրանք փորձում էին հետադարձ կարգով այստեղ լրացում կատարել, բայց չարեցին, քանի որ հասկացան՝ կեղծիք է կատարվելու»:

 

 

Նույն շարքից