Միջազգային 

Հայերի ապրած ցավը զգում ենք. Դավութօղլու

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն երկրի կրոնական փոքրամասնությունների հետ 4 ժամ տևած ընթրիքից հետո անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին ու «հայերի տեղահանության» 100-ամյակին, տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը:

«Հայերի ապրած ցավը զգում ենք: Չենք ցանկանում, որ այդ ցավերի ու ազատությունների միջև հիերարխիա ստեղծվի: Մենք հայկական սփյուռքին էլ բացարձակապես թշնամի չենք համարում»,- ասել է Դավութօղլուն:

Թուրքիայի վարչապետը պատասխանել է նաև հարցին, թե ինչո՞ւ Չանաքքալեի ճակատամարտի (Գալիպոլի ճակատամարտի) 100-ամյակն այս տարի որոշվել է նշել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ Ապրիլի 24-ին:

«Մենք մարտի 18-ին էինք նշում, բայց ԱՆԶԱԿ-ը (Ավստրալիայի և Նոր Զելանդիայի բանակը) նշում էր ապրիլի 24-ին, ուստի միասին նշելու համար ընտրեցինք այդ ամսաթիվը: Մենք սփյուռքին թշնամի չենք համարում: Նրանք նաև մեր սփյուռքն են»,- ասել է նա:

Անդրադառնալով հայ-թուրքական սահմանը բացելու հարցին՝ Դավութօղլուն ասել է. «Հայաստանը եթե անգամ Ղարաբաղի մի շրջանից հետ քաշվեր, կկարողանայինք բացել սահմանը: Սակայն մի օրինակ եմ ուզում բերել. Էրբիլն ավելի հարուստ է, քան Բաղդադը, որովհետև Էրբիլը Թուրքիայի հետ ուղղակիորեն տնտեսական հարաբերությունների մեջ է: Եթե Երևանն էլ այդպես վարվի, Թուրքիան Հայաստանը վեր կհանի: Հունաստանն ու Հայաստանը երբեմն մտածում են, որ եթե Թուրքիան ուժ չունենա, մեր թեզերն ընդունելու է, սակայն տեսնում են, որ Թուրքիան այդ վիճակում չի հայտնվում և չի է հայտնվելու»,-ասել է նա:

Անդրադառնալով ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի՝ Ցեղասպանության ժխտման վերաբերյալ դատավարությանը, Դավութօղլուն նշել է, թե իրենք հարցին խոսքի ազատության տեսանկյունից են մոտենում: «Օրինակ՝ մի հայ Թուրքիա կարող է գալ և ասել «Ցեղասպանություն եղել է», կամ մեկ ուրիշն աշխարհի որևէ անկյունում կարող է ասել «Ցեղասպանություն չի եղել»: Դողու Փերինչեքն այն անձը չէ, որի հետ մենք կարող ենք կողք կողքի լինել: Մենք հարցին խոսքի ազատության տեսանկյունից ենք մոտենում»,-ասել է նա:

Նույն շարքից