Հասարակություն 

Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում. Նրանց որևէ կառույց չի օգնում

analitik.am

Մոտ 80 քաղաքացի, այդ թվում` տարեցներ, հղիներ, մնացել են Բագրատաշենի անցակետում և չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

Analitik.am-ի հետ զրույցում անցակետում արդեն երկար ժամանակ «բնակություն հաստատած» Արթուրն այսօր ասաց, որ հուլիսի 30-ից ապրում են Բագրատաշենի անցակետում՝ մեքենաների մեջ. «Մեզ հետ կան տարեց մարդիկ, երեխաներ և հղի կանայք: Մարդիկ այստեղ օրը մի քանի անգամ վատանում են: Վիճակն այնպիսին է, որ անգամ շտապօգնություն է գնում-գալիս: Ամենավատ վիճակն է այստեղ:

Մենք հետ գնալ չենք կարող, որովհետև տուն չունեք: Դիմել ենք դեսպանատուն և Հայաստանի ԱԳՆ, սակայն որևէ արձագանք չկա: Մեզ ոչ ոք պատասխան չի տալիս»:

Մեր զրուցակցի խոսքերով, մի անգամ «տամոժնու պետն» է եկել՝ ասել, թե «վերևներին» կզեկուցի ստեղծված վիճակի մասին, սակայն մինչև հիմա ոչ մի արձագանք չի եղել:

Արթուրը նշեց նաև, որ տեղափոխվելու համար իրենց Վրաստանը միջանցք չի տալիս. «Հայաստանում ռուսական դեսպանատունը 3 անգամ Վրաստանով միջանցք է կազմակերպել և իրենց կողմից հատկացված ավտոբուսներով մարդկանց տեղափոխել: Հիմա մեր հարցում անորոշ վիճակ է, որովհետև ոչ մի կողմից արձագանք չենք ստացել ու չգիտենք ինչ անել: Որևէ մեկը հստակ չի պատասխանում, թե ինչու մեզ չեն թողնում անցնել անցակետից: Բազմաթիվ անգամ գրել ենք Ռուսաստանի դեսպանատան կայքին, բայց դեռ արձագանք չկա»:

Քաղաքացու խոսքերով, հայկական կողմի պետական մարմիններից ևս արձագանք չեն ստացել. «Մեզ ոչ մի բանով չեն ապահովում: Ամեն ինչ մեր սեփական միջոցներով ենք անում, արդեն մարդկանց ձեռքին գումար էլ չի մնացել, որ ինչ-որ բան առնեն, ուտեն»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից