Հասարակություն Տեսանյութեր 

Խնդրում եմ թույլ տվեք գնալ հասնել երեխաներիս, նրանք մոր կարոտից ջերմում են. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

 

Կառավարության մոտ ակցիա են իրականացնում մի խումբ քաղաքացիներ, ովքեր ամիսներ առաջ եկել են Հայաստան ու չեն կարողանում հիմա գնալ ու միանալ իրենց ընտանիքներին, երեխաներին. «Մենք մեր ուժերով կորոնավիրուսի թեստ կհանձնենք, տոմս կառնենք ու կգնանք: Մենք մեր հայրենիքը սիրում ենք, սակայն այնպես է ստացվել, որ այլ տեղում ենք ապրում: Հասկանում ենք, որ գլոբալ խնդիր կա, սակայն մենք ուզում ենք գնալ ու միանալ մեր երեխաներին: Իմ 4 տարեկան երեխան արդեն հիվանդանում է»,-ասաց քաղաքացիներից մեկը:

Մեկ այլ քաղաքացի նշեց, որ հիմա սպասում են Տիգրան Ավինյանի ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, որպեսզի իրենց հարցերին պատասխան լինի. «Ասել էին, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, սակայն սահմանների մասով մեղմացում կլինի»։

Նշենք, որ ակցիա անողները Ռուսաստանից են եկել Հայաստան՝ այնտեղ թողնելով իրենց երեխաներին, ընտանիքները, հիմա ուզում են, որ կառավարությունն իրենց օգնի, վերադառնան իրենց ընտանիքների մոտ:

«Իմ երեխաներն այնտեղ են, անչափահաս երեխաներս մոր կարոտից ջերմում են: Ես ոչ մի կերպ չեմ կարողանում գնալ իմ երեխաների մոտ: Պահանջում եմ, որ մեզ ինչ-որ կերպ թույլ տան հասնել մեր ընտանիքներին: Ես մարտի 1-ին եկել եմ հայրիկիս հուղարկավորությանը մասնակցելու համար, իսկ հիմա չենք կարողանում վերադառնալ: Ամեն տեղ դիմել ենք, ասում են, որ սահմանները փակ են, հնարավոր չէ: Հիմա մի կերպ ապրում ենք սրա-նրա տանը»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Մեկ այլ կին էլ նշեց, որ Հայաստան եկել է բուժման նպատակով, հիմա չի կարողանում գնալ. «Ես չգիտեմ, թե ինչ է լինելու իմ վիճակը»,-ասաց նա:

 

Նույն շարքից