Միջազգային 

Թուրքիայում հայը հանգիստ կարող է սպանվել․ «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր

analitik.am

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի գլխավոր խմբագիր Էդուարդ Տանձիկյանը թուրքական ռադիոկայանին տված հարցազրույցում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կեցվածքին և օրակարգային այլ հարցերի, գրում է «Ակօս»-ը։


 

«Հրանտ Դինքի սպանության պլանավորմանն ու իրականացմանը պաշտոնյաների մասնակցության նման, ավելի ճիշտ՝ նույն դեպքի բնօրինակը տեսել ենք 1915-ին։ Այդ թվականին էլ պլանավորվեց, իրականացվեց Ցեղասպանությունը, որն իրագործողներին պատասխանատվությունից ազատեցին, անգամ հանրապետության ստեղծման տարիներին նահանգապետեր, պատգամավորներ դարձան։ Նմանություն կա, դրա համար եմ ընդգծում։ 1915-ին առերեսվելու համար 2015-ին նաև Հրանտի հետ առերեսվել է պետք։


 

Հրանտ Դինքի սպանությունից հետո մենք տեսանք, որ պետությունը մի հայի սպանությունը որևէ խնդիր չի համարում, տեսանք, որ հայը հանգիստ կարող է սպանվել»,-ասել է նա։

 


Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում առերեսվելու գործընթացը, Տանձիկյանը նշել է, որ առնվազն լրատվամիջոցներում հարցին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի։


 

«Օրինակ՝ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի Тhe Cut ֆիլմի մասին քիչ խոսվեց։ Չտեսնելու տվեցին։ Ոչ ոք ֆիլմով չհետաքրքրվեց, տեսնելու չգնաց։ Շատ փոքրաթիվ հանդիսատես ունեցավ»,- ասել է նա՝ նշելով, որ թեև վերջին շրջանում Ցեղասպանության մասին շատ է խոսվում, սակայն խոսում են նրանք, ովքեր միշտ են խոսել։

 

«Այդ ձայնը հանրության մեջ ակնկալվածի չափ արձագանք չի գտնում»,- ասել է նա։

 

Խոսելով Թուրքիայում սպանված հայ զինծառայող Սևակ Բալըքչըի, կամ տարեց հայուհի Մարիսա Քյուչուքի սպանությունների մասին՝ Տանձիկյանը նշել է, որ իր կարծիքով՝ Ցեղասպանությունը Թուրքիայում շարունակվում է նաև այժմ։

 


«Այս խոսքերս գուցե կոշտ հնչեն, սակայն դա է իրականությունը։ Քանի որ, իմ կարծիքով, դրա առաջին վկայությունն այն է, որ Թուրքիայի հասարակության մեջ Ցեղասպանությունը չի քննարկվում։ Թուրքիայի հայ համայնքին խոսք ասող մարդկանց թիվը քիչ է»,-ասել է նա՝ նշելով, որ անգամ Թուրքիայի հայ համայնքում են հաճախ լռում՝ վախենալով հնարավոր հետևանքներից։

 

Տանձիկյանը նաև նշել  է, թե հայ-թուրքական սահմանի բացում չի ակնկալում։ Իսկ հողային պահանջներն «Ակօսի» խմբագիրն իրատեսական չի համարել՝ նշելով, որ դրանք հայտնի որոշակի խմբի պահանջներն են հիմնականում։

 


Խոսելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի անցյալ տարվա ապրիլքսանչորսյան ուղերձի մասին՝ ասել է, որ դա քաղաքական ժեստ էր։ «Անցյալ տարվա ցավակցական ուղերձից հետո այլ քայլ էինք ակնկալում, սակայն քայլը Չանաքքալեի միջոցառման օր սահմանելը եղավ։ Շատ տարօրինակ էր մեզ համար։ Ակնհայտ է, որ իրականում պետությունը խելացնորության մեջ է։ Ես չհասկացա, մի քիչ էլ ամոթալի համարեցի»,-ասել է նա։

Նույն շարքից