Տեսանյութեր Քաղաքականություն 

«Իմ քայլը» կարող է օրինակ Ռոմանոս Պետրոսյանին ընտրել վարչապետ. Էդմոն Մարուքյան

analitik.am

 

Հնարավոր է արդյո՞ք, որ «Լուսավոր Հայաստանն» ինչ-որ պահի միանա եռյակին՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական դաշնակցություն» և «Հայրենիք» կուսակցություններին, որոնք համապետական հանրահավաք են անելու:

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Էդմոն Մարուքյանը նախ պնդեց, որ այս երեք ուժերի հանրահավաքի մասին լրագրողներից է իմանում. «Ես բազմից նշել եմ, որ մենք համագործակցում ենք տարբեր ուժերի հետ, միասնական որոշակի նախաձեռնություններ ենք ունենում, երբ օրակարգերը համընկնում են:

Մինչև օրս մեր օրակարգը համընկել է ԲՀԿ-ի հետ՝ կապված ՍԴ-ի, կորոնավիրուսի հարցով հանձնաժողով ստեղծելու հետ: Այդ նախաձեռնությունները հաջողությամբ են պսակվել»:

Մարուքյանի խոսքերով, ամեն ուժ ունի իր օրակարգը. «Կարծում եմ, որ նոր բան չկա, որ որևէ ընդդիմադիր ուժ կամ ուժեր հանրահավաք են կազմակեպում: Կհետևենք, կտեսնենք, թե ինչ կոչեր են հնչում»:

Հարցին՝ ԼՀԿ-ն կմիանա իշխանության հրաժարականի պահանջին, եթե հրապարակում նման պահանջ հնչի, Մարուքյանն ասաց՝ եթե նման պահանջ ԼՀԿ-ն ունենա, խորհրդարանում իմպիչմենտի գործընթացը կձեռնարկի. «««Լուսավոր Հայաստանը» չի սպասում, որ մեկը մի բան ասի, վազի գնա միանա դրան, «Լուսավոր Հայաստանն» ինքն է որոշում ինչ հայտարարի: Եթե օրակարգ ունենանք, մենք պատրաստ ենք նաև հանդիպել ու քննարկել այլ ուժերի հետ»:

Բացի ամեն ինչից, Մարուքյանի խոսքերով, եթե վարչապետի հրաժարականի պահանջ լինի, պետք է ասեն, թե ում են տեսնում վարչապետի պաշտոնում, քանի որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում, «Իմ քայլը» կարող է օրինակ Ռոմանոս Պետրոսյանին ընտրել վարչապետ. «Գո՞հ  կլինեն: Այսինքն պետք է հստակ ասեն, թե ինչ են ուզում: Իսկ եթե ուզում են իշխանության տոտալ փոփոխություն, պետք է լինի խորհրդարանական արտահերթ ընտրություն»:

Նույն շարքից