Քաղաքականություն 

Շատ եմ ուզում էս պահին տեսնել իրենց տներում նստած՝ «էս սաղ ռուսի մեղքն էր» ասող մորքուրների դեմքը․ Նաիրա Զոհրաբյան

 

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի նախագահը դիմել է Ռուսաստանի նախագահին։ Շատ եմ ուզում էս պահին տեսնել Հայաստանում եւ Արցախում հետեւողականորեն հակառուսական հիստերիա բարձրացնողների եւ հակառուսականության համար վճարվողների դեմքը։

Հա, մեկ էլ իրենց տներում նստած՝ «էս սաղ ռուսի մեղքն էր» ասող մորքուրների դեմքը։

Ռուսաստանի Դաշնության նախագահ

պարոն Վլադիմիր Պուտինին

Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի,

Արցախ-Ռուսաստան առնչությունները դարերի պատմություն ունեն: Ռուսաստանը արցախցիների պատմական հիշողության մեջ ընկալվում է որպես եղբայրական երկիր, որը մշտապես, բոլոր դժվարին իրավիճակներում ձեռք է մեկնել հայության այս հատվածին:

Արցախ-Ռուսաստան առնչություններն ամենաուղիղ կերպով իրականացվել են հատկապես Արցախի մելիքությունների և մելիքական տների ծաղկուն շրջանում, որի մասին փաստական վկայությունները բազմաթիվ են:

Մեկ հարյուրամյակից ավելի /19-րդ դարում և 20-րդ դարի 10-ական թթ./ Ղարաբաղը գտնվել է ցարական Ռուսաստանի կազմում: Այդ պատմական ժամանակաշրջանը Ղարաբաղի համար նշանավորվել է երկարատև խաղաղությամբ, հայրենադարձությամբ և տնտեսական զարգացմամբ: Զարգացել է  նաև մշակութային կյանքը: Հատկանշական է, որ 19-րդ դարի երկրորդ կեսից Արցախի վարչաքաղաքական կենտրոն Շուշին դարձել էր Անդրկովկասի հոգևոր, մշակութային և տնտեսական կարևոր կենտրոններից մեկը:

Նույն պատմաշրջանում Ռուսական կայսրության ռազմաքաղաքական և հասարակական կյանքում առաջնային դերակատարություն է ունեցել արցախահայության մի ողջ համաստեղություն՝ Վալերիան Մադաթով, Հովհաննես Լազարև, Լազար Սերեբրյակով, Միքայել Լոռիս-Մելիքով, Վասիլի Բեհբութով և ուրիշներ:

Այդ առնչությունները շարունակվել են նաև խորհրդային շրջանում: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզից և պատմական Արցախից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 90 հազար հայորդի, որոնց կեսը իրենց կյանքն են  նվիրաբերել հայրենիքի պաշտպանության գործին։ Մեկ շնչի հաշվով Խորհրդային Միության հերոսների և մարտական «Փառքի շքանշանի» ասպետների քանակով Արցախը ԽՍՀՄ-ում զբաղեցնում էր առաջատար տեղերից մեկը:

ԽՍՀՄ հայազգի հինգ մարշալները արմատներով Արցախից էին՝ Հովհաննես Բաղրամյանը, Իվան Իսակովը, Համազասպ Բաբաջանյանը, Արմենակ Խանփերյանցը (Սերգեյ Խուդյակով), Սերգեյ Ագանովը։ Իրենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալներ ու հազարավոր սպաներ։

Արմատներով Արցախից էին Անաստաս և Արտյոմ Միկոյանները, Իվան Թևոսյանը, Անդրանիկ Իոսիֆյանը, Նիկոլայ Ենիկոլոպովը, Միքայել Թարիվերդիևը և բազմաթիվ այլ երախտավորներ:

Արցախ-Ռուսաստան սերտ առնչությունները շարունակվում են ցայսօր: Ռուսաստանաբնակ  մոտ 3 միլիոն հայերի մի պատկառելի մասը Արցախից է, որոնց թվում շատ են նաև 1980-ական թթ. վերջին և 1990-ական թթ. ադրբեջանական ցեղասպան և էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով Արցախից բռնի տեղահանվածները:

Կցանկանայի հատուկ շեշտել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բոլոր փուլերում ՌԴ-ն իրացրել է միջազգային իրավունքով սահմանված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքի օգտին ունեցած գործելակերպը: Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ՌԴ-ն հանդես է գալիս թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և թե՛ առանձին դերակատարությամբ: Արցախի Հանրապետությունը բարձր է գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, ակտիվ դերակատարությունը և որոշիչ առաքելությունը հակամարտության կարգավորման բոլոր փուլերում՝ հատկապես, 1994 թ. հրադադարի Եռակողմ համաձայնագրի ձեռքբերման գործում: ՌԴ-ն որոշիչ դերակատարությամբ հանդես եկավ նաև ադրբեջանաղարաբաղյան հակամարտության սրման հերթական փուլում՝ 2016 թ. ապրիլի 5-ին՝ Ռուսաստանի միջնորդությամբ Մոսկվայում ձեռք բերվեց պայմանավորվածություն ռազմական գործողությունները դադարեցնելու և հրադադարը վերականգնելու մասին՝ համաձայն 1994 թ. հրադադարի հաստատման համաձայնագրի:

Բարձր ենք գնահատում ՌԴ և անձամբ Ձեր դիվանագիտական գործուն ջանքերն՝ ուղղված Ադրբեջանի կողմից  Արցախի դեմ սանձազերծված ագրեսիան և լայնածավալ պատերազմը կանգնեցնելուն: Ուզում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ Արցախի Հանրապետությունում և ողջ հայության շրջանում մեծ արձագանք են ստացել «Վալդայ» ակումբում  Ձեր ելույթում հնչած օբյեկտիվ գնահատականները ստեղծված իրավիճակի մասին:

Դուք նշել եք Ձեր ելույթում. «Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն և տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»: Դժբախտաբար, այս ցեղասպան  քաղաքականությունն Ադրբեջանը շարունակում է առ այսօր:

Մեծարգո՛ Վլադիմիր Վլադիմիրի

Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ  գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ:

Խորին հարգանքով՝

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան»։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից