Քաղաքականություն 

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ընդդիմությունը գերիների վերադարձման հարցում․ Պատասխանում է Հրանտ Այվազյանը

analitik.am

 

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնացությամբ։

Ըստ Նիկոլ Փաշինյանի խոստումների՝ այդ հանդիպման ընթացքում պետք է լուծվեր կարևոր հարցերից մեկը՝ ռազմագերիների վերադարձի հարցը։ Սակայն, դա տեղի չունեցավ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ռազմագերինի հարցը մնում է չլուծված։

Ռազմագերիների վերադարձի թեմայով Analitik.am-ը զրուցել է Ազգային Ժողովի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի հետ։

-Որպես խորհրդարանական ընդդիմություն, Դուք փաստացի չեք կարողանում լուծել կարևոր հարցերից մեկը՝ ռազմագերիների վերադարձի հարցը։ Այդ դեպքում ԱԺ-ում Ձեր մնալու իմաստը ո՞րն է։

Ընդիմությունը չունի այն լիազորությունները կամ լծակները, որոնք կարող է լիարժեք օգտագործել այս հարցի լուծման համար։ Ընդդիմությունը չի գլխավոր բանակցողը և նախապես պայմանավորածություններ չունի, նաև պատասխանատու չէ գերիների առկայության համար։

Այդ առումով ընդիմությունն իր քայլերն է դրսևորում տարբեր հարթակներում բարձրաձայնելով խնդիրը, նաև համագործակցելով տարբեր միջազգային կառույցների հետ, որպեսզի այդ միջազգային կառույցները, ենթադրենք միջխորհրդանական խմբերը, համապատասխան քայլեր ձեռնարկեն՝ ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորվածությունները՝ 8-րդ կետը և ռազմագերիների հարցը կարգավորի։

 -Եթե Դուք լինեիք իշխանություն, ինչպե՞ս կլուծեիք ռազմագերիների հարցը։

- Մենք եթե լինեինք իշխանություն, մենք արդեն նախնական պայմանավորվածություն ունենալով, կարող էինք բանակցել և բանակցություններում կունենայինք համապատասխան արդյունք, քանի որ կար 8-րդ կետը, որ պետք է Ադրբեջանը կատարի։

Մեր մասով պայմանավորվածությունը Հայաստանը մեծ մասով կատարել է, իհարկե, ես չգիտեմ, բանավոր էլ ինչ պայմանաորվածություններ կան։ Բայց, փաստացի, այն որ Ադրբեջանը պետք է կատարեր՝ չի կատարել։

Փաշինյանը, երբ մեկնում էր Մոսկվա, մեկնելուց առաջ նաև հայտարարել է, որ գլխավոր հարցը ռազմագերիների հարցն է։ Այսինքն՝ նրան չի հաջողվել այդ հարցը լուծել։ Թե ինչու չի հաջողվել, կարող են տարբեր մեկնաբանություններ լինել։

Ես կարող եմ ասել, որ այդ բանակցություններն արդյունավետ չեն եղել, փաստը մնում է փաստ, որ մեր գերիները դեռևս մնում են գերի՝ թե ռազմագերիները, թե քաղաքացիական անձինք, կա նաև կին։ Այդ խնդիրը, որ Փաշինյանը պետք է լուծեր, չի լուծել։ Դա իր ձախողումն է այդ հարցի շուրջ։

-Լավ, դուք որպես  ընդդիմություն գործնական ի՞նչ քայլեր եք ձեռնարկում գերիների վերադարձի հարցում։

-Որպես ընդիմություն, նախ ասեմ, որ տեղում հարցը բարձրացնելով, կամ որոշակի թե՛ խորհուրդներով, թե՛ առաջարկություններով հանդես ենք գալիս։ Նաև միջազգային հանրությանը մեր համապատասխան լծակներով տեղեկացնում ենք և հորդորում ենք, որպեսզի նրանք նույնպես հանդես գան համապատասխան գործողություններով։

Առաջիկայում նախատեսվում է Ստրասբուրգում հանդիպում, որտեղ որ պետք է նաև գերիների հարցը քննարկվի։ Եվ տարբեր երկրների ներկայացուցիչներ ծանոթանան խնդիրներին և համապատասխան քայլեր ձեռնարկեն, ճնշումներ գործադրեն, որպեսզի Ադրբեջանը կատարի իր պարտավորվածությունները ռազմագերիների հարցում, քանի որ այս պահին ոչ մի կանոնով հիմնավորված չէ Ադրբեջանի կողմից գերիներին վերադարձնելու հարցը։

 -Դուք պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականն, ինչպե՞ս կարող է փոխվել իրավիճակը ռազմագերիների հարցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո։

- Բնականաբար, փոփոխությունն ակնհայտ կարող է լինել, որովհետև ես չգիտեմ վարչապետն ինչ բանավոր պայմանավորվածություններ ունի, որովհետև հանդիպումներից մեկի ժամանակ ասում էր, որ կան նաև բանավոր պայմանավորվածություններ։ Բանավոր պայմանավորվածությունները հիմք չեն։ Երբ որ լինի նոր բանակցող, նոր բանակցողը պետք է հիմք ընդունի այն փաստաթուղթը, որը որ կա և առաջնային փաստաթղթի կետերի իրականացման շրջանակներում գործի։

Հայաստանի Հանրապետությունն իր պարտավորվածությունները հիմնականում կատարել է և այն պարտավորվածությունը, որը ուներ Ադրբեջանը, չի կատարել։ Այդ ժամանակ ավելի հեշտ կլիներ մոբիլիզացնել տարբեր երկրներին, ոչ միայն Ռուսաստանին, նաև ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մինսկի խմբի համանախագահերին, որպեսզի նրանք նույնպես համապատասխան քայլեր ձեռնարկեն և իրականացվի այն պարտավորությունը, որը ֆիքսված է արդեն, ոչ թե հիմք այս կամ այն բանավոր պայմանավորվածությունն։

Այսինքն՝ ներկայիս իշխանությունը հնարավոր է, որ այլ բանավոր պայմանավորվածությաններ ունի, նոր իշխանությունները բանավոր պայմանավորվածությունների համար պատասխանատվություն չեն կրելու։ Այդ առումով փոփոխությունից հետո կարող է գործել ըստ արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթի շրջանակներում։

Մառա Գալոյան

Նույն շարքից