Բարի օր Քաղաքականություն 

Նիկոլը ոչ թե նախկին է, այլ նախկինի նախկին, որը խեղեց տասնյակ հազարավոր ճակատագրեր. Միքայել Մինասյան

analitik.am

 

Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլը Հայաստանը համառորեն վերադարձնում է 2020-ի սեպտեմբերի 26։ Նրա այսօրվա ելույթը դրա մասին էր։ Օգտվելով ընդդիմության օբյեկտիվ սխալներից, ժողովրդի սուբյեկտիվ ապատիայից և գործի դնելով վիժվածքի իր բնածին բնազդները, նա փորձում է վերականգնել նախապատերազմյա երկրի քաղաքական օրակարգը՝ ոչինչ չանել, բացի «նախկիններին» մեղադրելուց՝ համառորեն չնկատելով, որ նախկինը հենց ինքն է: Ավելին, ինքը ոչ թե նախկին է, այլ՝ նախկինի նախկին, որը խեղեց տասնյակ հազարավոր ճակատագրեր ու փոշիացրեց 30 տարվա ձեռքբերումները, հաղթանակներն ու ազգային արժանապատվությունը:

Անցած 7 ամիսներին նա փորձում էր ձևացնել, թե ոչինչ չի եղել. Արցախի կորուստ, զոհեր, գերիներ, տնտեսություն։ Իսկ այսօր Արցախը հանձնած վիժվածքը օգտվելով «իրավիճակի կայունացումից» փորձում է մեղավորներ նշանակել՝ ի դեմս Արցախն ազատագրած ու պահածների:

«Հնի ու նորի» անբովանդակ աղմուկը բարձրացնելով, նա բացի որ վերադարձնում է իր գոյության իմաստը, փորձում է պահել և վերարտադրել իր իշխանությունը՝ ընդդիմության բացարձակ լռության պայմաններում, այլև ծածկադմփոց է անում «խաղաղության պայմանագրի»՝ բուռն ընթացող աշխատանքը: Այդ պայմանագիրը փոխարինելու է եռակողմ հայտարարությանը, որի բոլոր դրույթներին Նիկոլն արդեն համաձայնել է:

Նրա այսօրվա ղժղժոցից և նախապատրաստվող պայմանագրի թեման խլացնելու փորձից պետք է մի քանի հետևություն անել:

Պետք է ընդունենք, որ մեր ընդդիմության այսօրվա առաջնորդների մի մասը չեն գիտակցում հանրային ու քաղաքական թրենդները (Աստված տա, սխալվեմ)։ Իսկ ոմանք արդեն պայմանավորվել են Նիկոլի հետ (վստահ):

Այդ իսկ պատճառով Նիկոլը, հենվելով իր ընտրազանգվածի վրա, երկիրը բառացիորեն կործանում է՝ փոխանակելով պետականությունն ու ժողովրդին իր իշխանության հետ։

Աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին Նիկոլը հիմա ձեռնտու է, քանի որ Հայաստանը երբեք չի ունեցել և դժվար էլ ունենա այլոց շահերն այսքան հնազանդորեն սպասարկող ղեկավար: Ուստի այս պահին նա բոլորի համար ընդունելի է, բացի Հայաստանից։

Հայաստանի ժողովրդի մի մասը անհույս մոլորյալներ են և միշտ լինելու են այդպիսին։ Դրա հետ պետք է համակերպվել, սիրել, փայփայել, բայց վերաբերվել որպես մոլորյալների։

Այդ մարդիկ բերել են Նիկոլին հստակ ծրագրի համար, որը նա իրականացնում է՝ չպատերազմ (թքած, որ պատերազմի ու պարտության գնով), չԱրցախ (թքած Արցախը և Սյունիքը կորցնելու գնով), և հարուստների ունեզրկում (թքած, որ դա շոու է կամ հիմնադրամները լցնելու միջոց)։ Այդ մարդիկ, Նիկոլի ղեկավարությամբ, թքած ունեն երկրի, պատմության, արժանապատվության և ոմանք՝ անգամ սեփական զավակների ճակատագրի կամ հիշատակի վրա։

Հայաստանում եկել է ճշմարտության պահը։ Ընտրությունները լուծումներից մեկն է, բայց ոչ միակը: Պետք է սթափ գնահատել իրողությունները, դուրս գալ կենացների ռեժիմից, վերադառնալ իրականություն, վերականգնել ճնշումը փողոցում ու հաշվարկված գործել՝ սեփական շարքերը մաքրելով ու առանց հետ նայելու: Ու սա հնարավոր է»:

Նույն շարքից