Բիզնես 

Ո՞նց 1 միլիոնանոց ժողովրդին համոզեմ, որ սև հաց կերեք. Արմեն Պողոսյան

analitik.am

Հացի արտադրության տեխնոլոգիայով զբաղված գիտնականներն ու սպառողների շահերի պաշտպան կազմակերպությունները տարբեր կարծիքներ ու տեսակետներ ունեն «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի` հացի խմորի մեջ օգտագործվելիք հավելանյութերի վերաբերյալ: Հայտնի բան է, որ հացի արագ խմորման համար օգտագործվում են ոչ օգտակար հավելումներ, իսկ սև հաց ստանալու համար էլ՝ տարբեր ներկանյութեր:

 

ՀՀ սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը խնդրի հետ կապված` Analitik.am-ի հետ զրույցում չցանկացավ որևէ պարզաբանում տալ` նշելով, որ նախագիծն առայժմ քննարկման փուլում է. «Վերջնական եզրակացության կգանք, երբ տեխնիկական գիտությունների թեկնածու Արամ Նազարյանի գլխավորությամբ կազմված հանձնաժողովի կողմից կքննարկվի հարցը: Այդ ժամանակ նոր կարող ենք հայտարարությամբ հանդես գալ և տեղեկացնել` որքանով է այն օգտակար կամ վնասակար»:


«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի վիրաբույժ Գագիկ Փիրուզյանը հավաստիացրեց, որ, այո՛, սննդում ցանկացած դեղամիջոցի չարաշահումը, ինչպես նաև երկաթ պարունակող նյութերը, մարդու մոտ կարող են առաջացնել առողջական խնդիրներ: Ինչ վերաբերվում է ալյուրի մեջ երկաթի հավելանյութ ավելացնելուն, վերջինս հույս հայտնեց, որ ամեն ինչ չափավոր կլինի: «Այդ նյութերը եթե չափավոր օգտագործվեն, վտանգ չի լինի»,-ասաց նա: Մասնագետը չցանկացավ «խառնվել» Կառավարության գործերին, ուստիև դժվարացավ պատասխանել մեր հարցերին` նշելով, որ նա, բնականաբար, «գիտի ինչ է անում». «Կառավարությունը նախապես ամեն ինչ հաշվարկել է, և հաստատ, հենց այնպես, ավելորդ գումար չէր ծախսի դրա վրա»,-ասաց վիրաբույժը: Հարցին` թե, այնուամենայնիվ օրգանիզմում ինչ խնդիրներ կարող են առաջանալ երկաթի ավելցուկից, ասաց, որ այն կարող է հանգեցնել հիպերտոնիայի, ազդել ճնշում ունեցող մարդկանց, հղիների առողջության վրա:


«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանն ավելի հեռվից սկսեց հարցի վերաբերյալ իր պարզաբանումը.«Այսօր Հայաստանում գոյություն ունի թերսնուցման երևույթ` կապված երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի հետ: Ասում են՝ այդ երևույթը 19 տոկոս է կազմում (դրանք ֆիզիկական և մտավոր անառողջ մարդկանց թիվն է , որին ես շատ կասկածում եմ ): Մարդիկ այսօր այս վիճակում ապրում են զրկված նույնիսկ նորմալ սնունդից. մատչելի չէ հավը, ձուկը, միրգը...իսկ բժշկությունը գտել է ձևը` ալյուրը հարստացնել երկաթով»: Մեր հաջորդ հարցին` թե շատ մասնագետներ և բժիշկներ պնդում են, որ այնուամենայնիվ , ոչ միայն երկաթի պակասն է վնասակար, այլև ավելցուկը, պարոն Պողոսյանը նկատեց.«Այդ մարդիկ բժիշկներ չեն, եթե նույնիսկ նրանց գրպանում դիպլոմ կա, դա դեռ ոչինչ չի նշանակում»:


Analitik.am-ը իր զրուցակցին ուղղեց հաջորդ հարցը` հացը վիտամինացվելու դեպքում, բնականաբար, կթանկանա այն, ինչ են անելու մարդիկ, չէ՞ որ 33 տոկոս աղքատության դեպքում, երբ գրեթե բոլոր ապրանքները թանկացել են և դեռ թանկանալու են, երբ ապրելն անչափ դժվարացել է, հիմա էլ հացի համա՞ր պետք է հավելյալ գումար վճարեն, պարոն Պողոսյանը հուսադրեց, որ թանկացումը չնչին է լինելու` 1-2 դրամ :


Այնուամենայնիվ, ինչո՞ւ կառավարությունը չի հրահանգում գովազդել և պրոպագանդել բնական հացի արտադրությունը և փոխարենը լծվել է այն հավելանյութերով հարստացնելու գործին, «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահը արձագանքեց. «Շատ ճիշտ նկատեցիք, շատ ճիշտ հարց էր, ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ…Գիտեք, նույնիսկ իմ տանը չեմ կարողանում նախընտրել սև հաց, 20 տարի է ասում եմ, բայց 20 տոկոսն է օգտագործում այդ հացը, էլ ոնց 1 միլիոնանոց ժողովրդին համոզեմ, որ սև հաց կերեք»:



Հասմիկ Մովսիսյան

Նույն շարքից