Բիզնես 

Փոխարժեքի արժեզրկումը տնտեսական տեսություններից դուրս էր. ԿԲ նախագահ

analitik.am

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին բացատրեց վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած դրամի արժեզրկման պատճառները: Նա ընդգծեց, որ «շոկը եկել է դրսից», և այն, ինչ կատարվեց, տնտեսական տեսություններից դուրս էր: Վերջինս նշեց, որ պատճառներից մեկը համաշխարհային զարգացումներն են:

«ԱՄՆ տնտեսության զարգացումների ներքո՝ զարգացող և զարգացած երկրները գրանցեցին իրենց արժույթների արժեզրկումը: ԱՄՆ տնտեսության աճի վերականգմանը զուգընթաց, վերջին մեկ տարվա ընթացքում ԱՄՆ-ի դաշնային պահուստների համակարգը դադարեցրեց քանակական ընդլայնման իր ծրագիրը, որի միջոցով ամսական 85 մլրդ ԱՄՆ դոլարի իրացվելիություն էր ներարկվում պետական արժեթղթերի գնումների միջոցով: Երկրորդը տարածաշրջանային զարգացումներն են: ԱՊՀ երկրների վրա այս ամենի ազդեցությունը բազմապատկվեց տարածաշրջանային  աշխարհաքաղաքական խնդիրներով և նավթի գների անկմամբ: Այս երկու գործոնները բերեցին ՌԴ տնտեսական աճի կտրուկ կրճատմանը և ռուբլու փոխարժեքի արժեզրկմանը»,-ասաց նա:

Այնուհետև Արթուր Ջավադյանն անդրադարձավ ներքին զարգացումներին և նշեց, որ իրավիճակի սրացմանը նպաստեց Հայաստանի ներսում տնտեսվարող սուբյեկտների այն վարքագիծը, որ ազատ դրամական և վարկային միջոցները սկսեցին վերածել արտարժույթի՝ դրա հետևանքով դրամային արտահայտությամբ լրացուցիչ օգուտներ ստանալու ակնկալիքով:

«Նման գործողությունները պարունակում են մեծ ռիսկեր, որոնք ոչ մասնագետ անձինք չեն կարող ճշգրիտ գնահատել: Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խուճապային վարքագիծը բերում է նրան, որ արժույթի շուկայում մեծանում է գնման և վաճառքի փոխարժեքների տարբերությունը: Նման տատանողական իրավիճակներում խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անհարկի փոխարկումներից»,-ասաց նա։

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ է անում ԿԲ-ն, Արթուր Ջավադյանը նշեց, որ նախ բոլոր բանկերին տրամադրվել է կանխիկ արտարժույթ, առաջարկվել են արտարժութային սվոփներ և ինտերվենցիաներ՝ մեղմելու կտրուկ տատանումները: Նա ընդգծեց, որ տարվել ու տարվում են աշխատանքներ արժութային շուկայում չարաշահումները բացահայտելու և պատժելու ուղղությամբ:

Նա անդրադարձավ երեկ ԿԲ-ի կողմից արած այն հայտարարությանը, համաձայն որի՝ մինչև ամսվա վերջ ԿԲ-ն սակարկությունների միջոցով բանկերին վաճառելու է արտարժույթ, և առաջին շաբաթվա ընթացքում բանկերին օրական կվաճառվի 6 մլն ԱՄՆ դոլար, այնուհետև, պահանջարկի նվազման հետ, ծավալները կնվազեցվեն:

«Մենք սա չենք դիտարկում որպես շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է: ԿԲ-ն փոխարժեքի որևէ նպատակ չի հետապնդում իր այս գործողություններով: Ինչ վերաբերում է գնաճին, ապա 2014թ. վերջին և 2015թ. վերջին այն կլինի նպատակային թիրախի շրջանակում: Մեր հաշվարկներով փոխարժեքի փոփոխությունը կբերի 1.2-ից 2 տոկոս լրացուցիչ գնաճի»,-ասաց նա:

Նույն շարքից