Հասարակություն Քաղաքականություն 

Խոշորացման ծրագրի հետևանքով ասորական երկու գյուղեր ոչնչացման եզրին են. ասորական համայնքի ներկայացուցիչ

analitik.am

«Երբ քննարկել եք այդ կետերը՝ անտեսել, ոտնահարել եք ազգային փոքրամասնությունների իրավունքները: Խոսքը գնում է Արտաշատի և Մեծամորի փնջի 2 ասորական գյուղերի՝ Դիմիտրովի և Նոր Արտագերսի մասին, որոնք այս խոշորացման ծրագրի իրականացման հետևանքով ոչնչացման եզրին են հայտնվել»,- խորհրդարանական լսումների ժամանակ  դիմելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանին՝ ասաց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Գասպարյանը:

Վերջինս ընթերցեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության ծրագրի ազգային փոքրամասնություններին վերաբերող բաժինը և վստահեցրեց, որ ազգային փոքրամասնությունների շահերի պահպանման այդ կետերը գոյություն չունեն առաջարկվող «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում:

Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչը պնդեց, որ օրենսդրական փոփոխությունները միայն հայ ազգի համար են:

«Թույլ տվեք անմիջապես ձեր մի քանի որակումների հետ բոլորովին չհամաձայնել և խնդրել, որ հետայսու գոնե մեր քայլերի և գործողությունների մասին ձեր պատկերացումներն այդ որակումներով չարտահայտել»,- արձագանքեց Վաչե Տերտերյանը և պնդեց, որ սխալ է պնդումը, թե ազգային փոքրամասնություններին մոռացել են և ռեֆորմները բացառապես հայ ազգին են վերաբերում:

Նա հավաստիացրեց, որ խոշորացումը դրական կանդրադառնա բոլոր գյուղերի վրա:

«Ինչ կապ ունի համայնքների խոշորացումն ասորական, եզդիական կամ հայկական գյուղերի հետ: Եթե խոսենք ավանդույթների մասին, այո՝ ունենք պրոբլեմ, լեզվի, ցուցանակների մասով նույնպես պրոբլեմ ունենք, մշակութային ժառանգության մասին 5 պրոբլեմ ասեք ասորական, 10-ը եզդիական համայնքների համար և ինքներդ էլ մի 100-ը կհիշեք նաև հայկական համայնքի վերաբերյալ»,- հայտարարեց Տերտերյանը և նկատեց, որ հարցում հնչեցրած դիսկրիմինացոն ֆոնն ազնիվ չէ նախագծի հեղինակների նկատմամբ:

Նույն շարքից