Հասարակություն Տնտեսություն Քաղաքականություն 

Մենք կարիք չունենք որևէ տեղ մաքսակետ տեղադրելու. Ռուստամ Բադասյանը՝ Որոտանում թշնամու ոստիկանական անցակետի մասին

analitik.am

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում են, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների կողմից իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով նույնպես սպասարկումն իրականացվի հարմարավետ։

«Հարցի վերջնական լուծումն ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ Կառավարությունն աշխատում է։ Արդեն ասացի, թե մենք մեր գործառույթների շրջանակներում ինչ ենք իրականացնում»,- նշեց Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում թշնամու տեղադրած ոստիկանական անցակետին։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը վիճելի է, Ռուստամ Բադասյանը թողեց առանց մեկնաբանության՝ նշելով, որ դա զգայուն է և վերաբերում է ԱԱԾ ոլորտին։

«Կարծում եմ՝ ուղղակի պետք է սպասել ու հետևել կառավարության դիքորոշումներին՝ նշված հարցերի հետ կապված»,- հավելեց նա։

Հարցին՝ Որոտանի այդ հատվածում հայկական կողմը մաքսակետ դնելո՞ւ է, Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ իրենք իրենց գործառույթներն իրականացնում են բավարար ենթակառուցվածքների միջոցով։

«Մենք կարիք չունենք որևէ տեղ մաքսակետ տեղադրելու, քան այս պահին տեղադրված է»,- շեշտեց նա։

Այս խնդրի հետ կապված՝ Բադասյանն այլ հարցերի չպատասխանեց, նշելով, որ հնարավոր բոլոր մեկնաբանություններն արդեն տվել է։

«Իրականում շատ ուշադիր պետք է լինենք մեր հարցադրումներին, պատասխաններին և մեր տնտեսվարողների և առհասարակ ՀՀ տարածքում բիզնես գործունեություն ծավալողների համար հավելյալ լարում չստեղծենք»,- եզրափակեց ՊԵԿ նախագահը։

Նույն շարքից