Մշակույթ 

Իսպանիայում կայացել է Հայոց ցեղասպանության թեմայով գրքի շնորհանդես

analitik.am

 

Հունիսի 1-ին Մադրիդի «Կոմպլուտենսե» համալսարանում տեղի է ունեցել հայտնի իսպանացի լրագրող, հրապարակախոս Անտոնիո Էլորսայի «Ցեղասպանություն. գրառումներ» գրքի շնորհանդեսը՝ ճանաչված իսպանացի պատմաբանների, իրավաբանների և համալսարանի պրոֆեսորական անձնակազմի մասնակցությամբ։

 

Ինչպես հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից՝ գիրքը նվիրված է Ռաֆայել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» եզրույթի սահմանմանն ու մեկնաբանմանը, դրա իրավական, քաղաքական և սոցիալական նշանակությանը: Հեղինակը Հայոց ցեղասպանության օրինակով անդրադառնում է ցեղասպանությունների դրդապատճառներին, իրականացման մեխանիզմներին, իրավական ձևակերպումներին, անպատժելիության անթույլատրելիությանն ու դրա վտանգավոր հետևանքներին:

«Կոմպլուտենսե» համալսարանի գլխավոր քարտուղար, նախկին դատավոր Արասելի Մանխոն-Կաբեսան, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել Անտոնիո Էլորսային գրքի համար, ընդգրկուն անդրադարձ է կատարել միջազգային իրավունքով ցեղասպանություն հանցակազմի կագավորմանը, ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթներին, գործնականում այդ հանցագործության պատժելիությունն ապահովելու բարդություններին:

Իսպանիայի Սահմանադրական դատարանի նախկին անդամ Մանուել Արագոնը ներկայացրել է Իսպանիայի օրենսդրությամբ «Ցեղասպանություն» հանցագործության սահմանումը, այդ ոլորտում Սահամանադրական դատարանի կայացրած որոշումները և Իսպանիայի օրենսդրական դաշտում առկա բացերը:

Իր հերթին «Կոմպլուտենսե» համալսարանի պատմության ամբիոնի տնօրեն Միրտա Նունյեսը խոսել է Հայոց ցեղասպանության թեմայի շուրջ իրենց ամբիոնի կողմից տարվող աշխատանքների մասին՝ կարևորելով Իսպանիայում թեմայի հասարակական հնչեղության ապաահովման ու համալսարանական շրջանակներում տեղեկացվածության կարևորությունը:

Քննարկումն ամփոփել է Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն, ով շնորհակալություն է հայտնել հեղինակին և ներկաներին` ծավալված կարևոր քննարկման համար: Դեսպան Ադոնցը ներկայացրել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման կարևորությունը, այս ասպարեզում վերջին զարգացումները, Իսպանիայի տեղեկատվական դաշտում, համալսարանական և գիտական շրջանակներում թեմայի ակտիվ քննարկման անհրաժետությունը, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհուրդը և նշանակությունը հայ ժողովրդի և միջազգային հանրության համար:

Նույն շարքից