Իրավական Կորոնավիրուս Հասարակություն 

COVID-19-ով պայմանավորված սահմանափակումներից մեկը կհանվի․ նախագիծը կառավարությունում է

analitik.am

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության հավանությանն  է ներկայացրել գործադիրի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը։

Ներկայացվող նախագծով առաջարկվում է թույլատրել օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Միաժամանակ առաջարկվում է պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:

Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ արգելվում է։

Նախարարությունը հիմնավորման մեջ նշել է, որ Ամերիկյան Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի առաջարկի հիման վրա Եվրոպական մի շարք երկրներ՝ արդեն իսկ կրճատել են ինքնամեկուսացման ժամկետը՝ օրինակ Մեծ Բրիտանիան ինքնամեկուսացման ժամկետ է սահմանել 7 օր, Ֆրանսիան և Շվեյցարիան՝ 5 օր:

Նախագիծը ընդգրկված է Կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում։

Նույն շարքից