Հասարակություն Տեսանյութեր 

«Երգը վերքի սպեղանի». Փարիզաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոյի նոր անակնկալը հանդիստեսին

analitik.am

Ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան) իր հանդիսատեսի համար կրկին հաճելի նորություն ունի. նա ներկայացրել է «Հավերժական սեր» ստեղծագործության յուրովի մեկնաբանություն։ Բարրոյին բնորոշ նրբազգացություն և էներգետիկա կա կատարման մեջ։

Բարրոյի խոսքով` մեր հոշոտված վիճակների դեպքում արվեստի մարդու համար սպեղանի է երգը` որպես դիմակայելու միջոց։

‭«Որպես օպերային երգիչ ցանկացա ֆրանսիական սիրո երգին մի տեսակ թարմ, նորարարական շունչ հաղորդել ու բարձր արվեստ ընկալող հասարակությանը, ինչպես նաև ավելի լայն շրջանակներին, ներկայացնել յուրովի մեկնաբանությամբ Մաեստրոներ Ազնավուր և Կառվարենցի «Հավերժական սեր» ստեղծագործությունը։ Ինձ համար շատ դյութիչ էր երգի բառերին նոր շունչ տալ», - նշում է Բարրոն։

Այս երկլեզու ստեղծագործությունը ևս մեկ հնարավորություն է ներկայացնելու Ադամ Բարրո երգչի բարձր նշաձողն իր կատարողական արվեստի և յուրահատուկ մոտեցման առումով։ Երգի վրայից թանգարանային փոշին հեռացնելով` Բարրոն հետաքրքիր թարգմանություն է իրականացրել և զգացել, որ հիանալի է հնչում.

Երդվեցինք մեկմեկու Հավերժական Սեր,
Ժամանակն այն ջնջեց ու
Օրեցօր խոցվում են մտքերս։
Որքան Սիրո խոստումներ
Խեղդվեցին մեր Սրտերում,
Համբույրի պահին
Հեկեկոցից մնացին չասված։
Բայց ոչինչ չի փոխվել
Որովհետև «ցտեսություն»-ը
Չի կարող լինել հրաժեշտ։
Խենթացած, հույսով,
Խնդրում եմ Աստծուն
Քեզ նորից տեսնելու,
Խոսելու, երդվելու համար։

Բարրոն նշում է, որ առաջիկայում Ժան Պիեռ Մահեի հետ աշխատանքի արդյունքում կներկայացնի նաև հայերեն տարբերակը և այլ նոր երգեր, որոնց մասին մանրամասները կլինեն շուտով։

Ադամ Բարրոն, նույն ինքը Մուրադ Ամիրխանյանը, ֆրանսահայ համայնքի լուսաստղն է, որտեղ հայտնվում է սեր ու ջերմություն է փոխանցում, հույս ու հավատ ներշնչելով շրջապատին, իսկ նրա շրջապատը ձգվում է Ֆրանսիայից մինչև Հայաստան, Ռուսաստան, Գերմանիա, Բելգիա և այլուր։

Նույն շարքից