Կորոնավիրուս Հայաստան 

Սեպտեմբերին կունենանք կորոնավիրուսի դեպքերի աշխուժացում

analitik.am

Այժմ, ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, կորոնավիրուսի համաճարակի իրավիճակը հարաբերական կայուն է. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը։ Նրա խոսքով՝ հանրապետությունում շաբաթվա կտրվածքով առկա է քովիդի դեպքերի մոտ 10% աճ՝ նախորդ 14 օրվա համեմատությամբ։

«Թեև աննշան աճ ունենք, բայց սա չի կարող իրական պատկերը լինել, քանի որ թեստավորումները լիարժեք չեն իրականացվում. ոչ բոլորն են դիմում բուժհաստատություններ ու հանձնում թեստ»,- նկատեց ՀՎԿԱԿ փոխտնօրենը և հավելեց, որ սեպտեմբերի կեսերին՝ կապված կրթական հաստատությունների աշխատանքների վերսկսման հետ, կանխատեսվում է դեպքերի աճ։

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ՀՎԿԱԿ փոխտնօրենն ասաց, որ թեթևակի աշխուժացում է նկատվում, որն, ըստ էության, պայմանավորված է դեպքերի ակտիվության հետ. «Անցած տարի նույն ժամանակահատվածում կատարվում էր օրական շուրջ 25 հազար դեղաչափ պատվաստում, իսկ այժմ՝ առավելագույնը 700»։

Ըստ Սահակյանի՝ շատ ցածր է խթանիչ դեղաչափով պատվաստումների ակտիվության ցուցանիշը։ Նա նշեց, որ վերլուծությունները ցույց են տալիս, որ երկար ժամանակ է անցել պատվաստվելուց հետո, և ժամանակի ընթացքում թուլանում է պատվաստանյութի ազդեցությունն, ու մարդը խոցելի է դառնում հիվանդության նկատմամբ։

«Հաշվի առնելով այս հանգամանքը և օգտվելով առիթից՝ կոչ եմ անում մեր քաղաքացիներին, որ եթե երկար ժամանակ է անցել, և նրանք չեն ստացել խթանիչ դեղաչափ, պետք է նախապատրաստվել նոր ալիքի դիմակայմանը և դիմել պոլիկլինիկաներ՝ ստանալու դեղաչափը»,- հորդորեց նա։

Նույն շարքից