Տեսանյութեր Քաղաքականություն 

Համերգասրահ, ֆուտբոլի ազգային ստադիոն, սպայական համալսարան․ Փաշինյանը ներկայացրեց ակադեմիական քաղաքի նախագիծը

analitik.am

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ակադեմիական քաղաքի նախագծից, որը նախատեսվում է կառուցել Աշտարակ համայնքի միջնամասում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Փաշինյանը տեսանյութ է հրապարակել այդ տարածքից և նշել, որ ակադեմիական քաղաքը բաղկացած կլինի երեք հատվածից՝ արվեստի, տեխնոլոգիաների և սպայական։

«Հիշեցնեմ, որ ակադեմիական քաղաքի այդ նախագիծը պետք է սկսի «Հայ ֆիլմ»-ի տարածքից, որտեղ կտեղակայվի արվեստների կլաստերները, արվեստների ավագ դպրոցով և արվեստների համալսարանով։ Կունենանք ժամանակակից համերգասրահ։ Ընդգծեմ, որ համերգասրահը կլինի ոչ միայն համերգասրահ, այլ դահլիճ նախատեսված և կինոդիտումների, և օպերայի, և թատրոնի համար, այսպես ասած՝ ունիվերսալ բեմ կունենանք։ Եվ նաև «Հայ ֆիլմ»-ի ստուդիաները, պավիլիոնները կօգտագործվեն ուսանողների համար, իսկ արվեստների համալսարանը կներառի իր մեջ գրականությունը, երաժշտությունը, թատրոնը և կինոն, տեխնոլոգիաներն էլ՝ բոլոր հնարավոր տեխնոլոգիաները, իսկ սպայական հատվածը՝ սպայական բոլոր մասնագիտությունները ավագ դպրոցով և համալսարանով»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ մտադրությունն այն է, որ այդ երեք հատվածը իրար կապող տրանսպորտային միջոցը կլինի տրամվայը, որը, ըստ վարչապետի, մշակույթ ձևավորելու շատ կարևոր հատկանիշ կլինի։

Վարչապետը հավելեց նաև, որ եթե մասնագետները տեխնիկատնտեսական և ճարտարապետական հաշվարկները հաստատեն, հենց այս հատվածում կկառուցվի նաև ֆուտբոլի ազգային ստադիոնը։

«Այո, սա է մեր արձագանքը, մեր ունեցած բոլոր մարտահրավերներին, որովհետև ես հավատում եմ, որ Հայաստանի ապագան կրթությունն է, Հայաստանի ապագան տեխնոլոգիաներն են, գիտությունն է, Հայաստանի ապագան արվեստն է և մշակույթը»,- եզրափակեց Փաշինյանը։

 

Նույն շարքից