Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Քաղաքապարետի օրագիրը. Տիգրան Ավինյանի գիտական հենքերը

analitik.am

2020 թվականի մարտի 31-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այդ ընթացքում պարետ Տիգրան Ավինյանն այնպիսի դեմքով էր հայտարարում կորոնավիրուսի վտանգավորության, արտակարգ դրության ժամկետի երկարացման մասին, որ անտեղյակ մարդը կմտածեր, թե այս երիտասարդը հիշողության կորուստ ունի:

Այսօր՝ արդեն տարիներ անց, բոլորին պարզ է, որ Հայաստանում կորոնավիրուսի լայն թափով տարածմանն առաջին հերթին նպաստեց հենց իշխանության, որի անդամ էր ու է Տիգրան Ավինյանը, անլուրջ վերաբերմունքը, ամեն գնով սահմանադրական փոփոխությունների հանրաքվե կազմակերպելու մոլուցքը, և քանի դեռ աշխարհը մտածում էր, թե ինչպես պետք է պայքարի կորոնավիրուսի դեմ, Տիգրան Ավինյանն իշխանության մյուս անդամների հետ տարված էր բազմահազարանոց հանրահավաքների ու դրամահավաքների կազմակերպմամբ:

Հետաքրքիր է, որ այդ դառը փորձը Տիգրան Ավինյանին ոչինչ չսովորեցրեց: Տխրահռչակ պարետ Տիգրան Ավինյանի մոտ սովորական է դարձել գիտունիկի դեմքով հայտարարել բաներ, որոնք իրականության հետ աղերս չունեն: Այդ նույն գիտունիկի դեմքով Ավինյանն այսօր հայտարարում է, թե Երևանում կտրում են միայն հիվանդ ծառերը, ասում է, որ ինքն ընդամենը փոխքաղաքապետ է, ով իր գործն է անում, այլ ոչ թե ինքն իրեն արդեն քաղաքապետ հռչակած մեկն է, ով ամեն ինչ արեց Հրաչյա Սարգսյանից մի օր շուտ ազատվելու համար՝ բեմահարթակում մենակ մնալու համար, և այդ նույն գիտունիկի դեմքով էլ Ավինյանը 2020-ի մարտի 31-ին հայտարարում էր, թե իրենց բոլոր գործողություններն ունեն գիտական հենք, և իրենք պայքարել են կորոնավիրուսի տարածման դեմ 2020-ի հունվարի 30-ից սկսած:

Ավինյանի մանկական պատկերացումներով, եթե կառավարությունը հունվարի 30-ին թղթի վրա ստեղծել էր կորոնավիրուսի դեմ պայքարի հանձնաժողով, ապա դա նշանակում է, որ իրենք պայքարում էին: Ըստ Տիգրան Ավինյանի՝ կորոնավիրուսի դեմ պայքարն այն էր, որ մինչև 2020-ի մարտի կեսերը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ամբողջ Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավ էին անում, հազարավոր մարդկանց հավաքում, ծաղիկներ ու բուկլետներ բաժանում, մարդկանց համոզում, որ կորոնավիրուսն անլուրջ բան է, վախենալու բան չկա:

Կորոնավիրուսի դեմ պայքարող առաջին դեմքերով՝ Նիկոլ Փաշինյան, Արսեն Թորոսյան, Տիգրան Ավինյան, զբաղված էին մարդկանց մոտ կորոնավիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքի ձևավորմամբ: Ինչ խոսք, հրաշալի պայքարում էին, ուղղակի ոչ թե կորոնավիրուսի տարածման դեմ, այլ ավելի շուտ հանուն կորոնավիրուսի տարածման: Այսօր, երբ կորոնավիրուսը խլեց բազմաթիվ կյանքեր, տպավորություն է, թե Տիգրան Ավինյանը լվացվել է ու մոռացել ամեն ինչ, չի հիշում, որ հենց ինքն էր կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարի հիմնական պատասխանատուն, և նորից նույն գիտունիկի դեմքով հիմա էլ երևանցիներին համոզում է, որ շուտով ավտոբուսներն առավելություններ են ունենալու մեքենաների նկատմամբ, հիվանդ ծառերի փոխարեն Երևանում անտառներ են լինելու, քաղաքապետի ենթակայության տակ գտնվող ոստիկանները հսկելու են, որպեսզի մարդիկ աղբ չթափեն, կենդանիների արտաթորանքը տերերը հավաքեն, Աջափնյակում մետրո է լինելու և այլն:

Հաշվի առնելով Տիգրան Ավինյանի ամպագորգոռ ելույթները՝ որպես պարետ, և փաստացի տոտալ ձախողումը կորոնավիրուսի դեմ պայքարում՝ կարելի է արդեն եզրակացնել, թե ինչ տխուր ճակատագիր կարող է սպասվել Երևանին և երևանցիներին, եթե հանկարծ Ավինյանի մոտ ինչ-որ հրաշքով հաջողվի դառնալ Երևանի քաղաքապետ: Վերջում տեղադրում ենք մի դրվագ 2020-ի մարտի 31-ի Տիգրան Ավինյանի ասուլիսից:

Երբեմն չի խանգարի, որպեսզի մարդիկ հիշեն անցյալի սխալներն՝ ապագայում դրանք չկրկնելու համար:

Նույն շարքից