Տեսանյութեր Քաղաքականություն 

Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

analitik.am

Ադրբեջանը շարունակաբար սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ այս անգամ ապօրինի կերպով հսկիչ անցագրային կետ տեղադրելով  ԼՂ-ն ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքում։ Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ու եթե մինչև հիմա Լաչինի միջանցքը փակ էր կեղծ բնապահպանական ակցիայի պատրվակով, հիմա արդեն պաշտոնապես փակվել է Ադրբեջանի կողմից։ Սա ոչ միայն տարածաշրջանում լարվածությունը մեծացնելու, այլև ԼՂ-ում հումանիտար ճգնաժամը խորացնելուն ուղղված  սադրիչ քայլ է։ Միջազգային հանրությունը այս անգամ հստակ գնահատական է տվել ադրբեջանական հսկիչ անցագրային կետի տեղադրմանը  Լաչինի միջանցքում»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի գործողությունները ԼՂ հայության նկատմամբ էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելն է։

«Հենց սա պետք է լինի բոլորիս ու միջազգային հանրության ուշադրության առարկան։  Հաջորդ հարցը, որ Լաչինի միջանցքում հսկիչ անցագրային կետ տեղադրելով ավելի է սրվում՝ հետևյալն է․ որքանով է Ադրբեջանը իրեն պարտավորված զգում կատարել միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները։ Լաչինի միջանցքում հսկիչ-անցագրային կետի տեղադրումը 2020թ-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է։ Առիթ ունեցել եմ ասելու, որ 2020թ-ի նոյեմբերի 9-ից ի վեր  եռակողմ հայտարարության  բոլոր կետերը խախտվել են։ Այս ամենի արձանագրումը պետք է բերի կոնկրետ եզրակացությունների»,- ասաց Փաշինյանը։

Նա ներկայացրեց հայկական կողմի պատկերացումները իրադրության կարգավորման վերաբերյալ։

«ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է իրենց վերահոսկողության տակ պահեն Լաչինի միջանցքն ու ու ապահովեն  միջանցքի բնականոն գործունեությունը։ Բացի ՌԴ-ից որևէ մեկը Լաչինի միջանցքում վերահսկողություն չպետք է իրականացնի, Ադրբեջանն էլ չպետք է խոչընդոտի միջանցքի երթևեկությունը, սա այն է, ինչ նախատեսված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է դառնա Ստեփանակերտի ու Բաքվի միջև բանակցությունների առարկա միջազգային ֆորմատի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրին, ակնհայտ է, որ այն պետք է ունենա իրագործման երաշխիքների ու վեճերի լուծման մեխանիզմների հասկանալի ու գործուն համակարգ։ Հստակ պետք է արձանագրված լինեն սահմանների դելիմիտացիայի պարամետրերը ու որևէ էսկալացիա բացառելու մեխանիզմներ պետք է ներդրվեն։ Ադրբեջանի ջանքերը ԼՂ-ն վերածելու հայության նոր կառափնարանի, պետք  է կասեցվի ու սրա միակ հուսալի ճանապարհը միջազգային լայն մանդատ կրող  ներկայացուցիչների ներկայությունն է  ԼՂ-ում»,- ասաց Փաշինյանը՝  անհրաժեշտ համարելով միջազգային փաստահավաք առաքելության հրատապ գործուղումը ԼՂ ու Լաչինի միջանցք։

Նույն շարքից