Միջազգային 

Իսրայելի նախագահը պատմության մեջ առաջին անգամ կժամանի Բաքու

analitik.am

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մայիսի 30-ին պատմական այցով կժամանի Ադրբեջան, տեղեկացնում է i 24news-ը։

Սա Իսրայելի նախագահի առաջին այցն է մի պետություն, որտեղ շիա մուսուլմանները մեծամասնություն են կազմում և որը սահմանակից է Իրանին, նշում է իսրայելական ԶԼՄ-ն։

Նախագահ Իլհամ Ալիևի հրավերով Իսրայելի նախագահը պաշտոնական պետական այց կկատարի Ադրբեջան, որի և հրեական պետության միջև հարաբերությունները վերջին ամիսներին ծաղկում են։

Հերցոգը և նրա կին Միխալը երկօրյա այցով Բաքու կուղևորվեն երեքշաբթի։ Նախատեսվում է, որ երկու երկրների նախագահները կքննարկեն ռազմավարական հարաբերությունները և կմասնակցեն Իսրայելի պետականության 75-ամյակին նվիրված հատուկ միջոցառմանը։

Հերցոգին նախագահական պալատում պաշտոնապես կդիմավորի պատվո պահակախումբը ՝ տեղի հրեական դպրոցի 30 սաների ներկայությամբ, կկատարվի Իսրայելի ազգային հիմնը։

«Ողջույնի պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների նախագահները և առաջին տիկնայք կճաշեն, այնուհետև Հերցոգը ծաղկեպսակներ կդնի զինվորների և Ադրբեջանի հիմնադիր հոր՝ Հեյդար Ալիևի հուշահամալիրներին»,- նշում է ԶԼՄ-ն։

Հերցոգին ուղեկցելու է Իսրայելի առողջապահության նախարար Մոշե Արբալը, որը կհանդիպի ադրբեջանցի իր գործընկերոջ հետ։

Պետական այցի ընթացքում տեղի կունենան միջոցառումներ նվիրված առողջապահության ոլորտում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը, ինչպես նաև Իսրայելի անկախության 75-ամյակի տոնակատարությանը։ Բացի այդ, Իսրայելի նախագահը կհանդիպի տեղի հրեական համայնքի հետ։

«Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը Բաքու էր այցելել ապրիլին, որտեղ բացել էր Իսրայելի առաջին պաշտոնական դեսպանությունը, չնայած այն բանին, որ Իսրայելն ու Ադրբեջանը արդեն երեսուն տարի պաշտոնական հարաբերություններ ունեն։ Իր այցի ընթացքում Քոենն ընդգծել էր դաշինքի ռազմավարական կարևորությունը, քանի որ Բաքու մայրաքաղաքը ընդամենը 18 մղոնի հեռավորության վրա է Իրանի հետ սահմանից։

Ավելի վաղ՝ մարտին, Ադրբեջանն իր առաջին դեսպանությունն էր բացել Թել-Ավիվում՝ սկիզբ դնելով բուռն դիվանագիտական գործունեությանը՝ նկատի ունենալով, թե ինչպես են երկու երկրները խորացնում իրենց համագործակցությունը մի շարք ուղղություններով, ներառյալ առևտրական կապերը»,- գրում է i24 news-ը։

Նույն շարքից