Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Սև ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. Հետք

analitik.am

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Այս մասին գրում է Hetq.am-ը:

Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից:

Մամուլը, ԱՆԻՖ-ն ու ԿԿՀ-ն տարակարծիք են

Փոխքաղաքապետի ու ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումը տարակուսանք էր առաջացրել հայկական մամուլում նախորդ տարվա աշնանը: Դրանից հետո ԿԿՀ-ն վարույթ էր հարուցել անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելու վերաբերյալ:

Մինչեւ ԿԿՀ-ն վարույթ կհարուցեր, մամուլի հրապարակումներին արձագանքել էր ԱՆԻՖ-ը՝ հայտարարելով, թե Ավինյանի կողմից երկու պաշտոնների համատեղումն օրենսդրության սահմաններում է, քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ «հանրային պաշտոն զբաղեցնող անձը (այս դեպքում՝ փոխքաղաքապետ Տ. Ավինյանը - «Հետք») կարող է ընդգրկվել 50 եւ ավելի տոկոս ՀՀ մասնակցությամբ առեւտրային կազմակերպության տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակիորեն առնչվում է իր պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ՝ առանց վարձատրության կամ որեւէ այլ ձեւով փոխհատուցում ստանալու»։ Այս առումով ԱՆԻՖ-ը նշել էր, որ ինքը 100 տոկոս պետական մասնակցությամբ առեւտրային կազմակերպություն է, իսկ տնօրենների խորհրդի նախագահ Ավինյանը վարձատրություն չի ստանում:

Սակայն ամենակարեւոր հանգամանքն այն է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջով՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը կարող է ընդգրկվել նույն ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի կազմում, եթե դա ուղղակի կապ ունի նրա պաշտոնավարման ոլորտի քաղաքականության իրականացման հետ: Երբ 2018-2021 թթ. Տ. Ավինյանը փոխվարչապետ էր, ըստ էության, հակասություն չկար նրա այս պաշտոնի ու ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելու միջեւ, քանի որ որպես փոխվարչապետ նա համակարգում էր այն ոլորտը, որում գործում է ԱՆԻՖ-ը:

Բայց արդյոք ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահ լինելը որեւէ առնչություն ունի փոխքաղաքապետի պաշտոնի հետ: Ըստ ԱՆԻՖ-ի՝ այո: Ահա թե ինչպես է վերջինս դեռ նախորդ տարվա նոյեմբերին փորձել հիմնավորել այդ առնչությունը. «ԱՆԻՖ-ի ընթացիկ, առայժմ չհայտարարված, ինչպես նաեւ ապագա քննարկվող ծրագրերի մեծ մասը ուղիղ կապ ունի Երեւանի զարգացման ծրագրերի հետ: Այդ թվում են քաղաքացիների շարժունակության, ենթակառուցվածքների, տուրիզմի, սպասարկման, շինարարության, կառուցապատման եւ այլ բնագավառները։ ԱՆԻՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի զգալի մասի արդյունավետությունը եւ իրացվելիությունը ուղիղ կապ ունեն Երեւանի քաղաքապետարանի գործառույթների հետ։ Այս պահին քննարկման փուլում են Երեւանում ԱՆԻՖ-ի կողմից նոր ներդրումների ներգրավման մի քանի ծրագրեր, որոնք գտնվում են քաղաքապետարանի անմիջական գործառույթների տիրույթում։ Հետեւաբար, փոխքաղաքապետի կարգավիճակի հետ համատեղությունը ԱՆԻՖ-ի անկախ վերահսկող մարմնում ինչպես չի հակասում օրենքին, այնպես էլ նպաստում է պետության ներդրումային եւ առկա ծրագրերի իրականացման համադրմանը»:

Սակայն ԿԿՀ-ն, ըստ էության, այլ կարծիքի է եղել, ինչն էլ Ավինյանի վերաբերյալ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Հանձնաժողովը վարույթ հարուցելու որոշման մեջ մեջբերել է ոչ միայն «Հանրային ծառայության մասին» օրենքի սահմանափակումները, այլեւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի այն դրույթը, որ քաղաքապետի տեղակալները չեն կարող պաշտոն զբաղեցնել առեւտրային կազմակերպություններում:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից