Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Ընդդիմությունը չպաշտպանեց իր թեկնածուին՝ միայն հարցի քննարկման սկզբից մինչև վերջ նստած մնացին դահլիճում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ իշխող խմբակը երեկ խաչակրաց արշավանք իրականացրեց Մրցակցության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում ընդդիմության ներկայացրած թեկնածուի` Անահիտ Սարգսյանի դեմ՝ տարիներ առաջ նրա կատարած մի գրառման պատճառով։ Պարզվեց՝ ՔՊ-ականները քրքրել, փորփրել են թեկնածուի անցյալը եւ հայտնաբերել, որ Սարգսյանը 2018-ի դեպքերի առիթով ֆեյսբուքյան գրառում է արել՝ Նիկոլ Փաշինյանին քվե տված ժողովրդին անվանել է ոչխար, փուչ մարդիկ, անհայրենիք եւ այլն։ ՔՊ-ում ով չալարեց, ելույթ ունեցավ՝ դատապարտելով այդ գրառումը, ու առիթը բաց չթողնելով՝ գրեթե նույն ոճով վիրավորանքներ շաղ տվեց ընդդիմության հասցեին, որ նման թեկնածու են ներկայացրել: Վիգեն Խաչատրյանը, առանց անուն տալու, ընդդիմության կին պատգամավորներից մեկի հասցեին ասաց, թե, հավանաբար, հավանոցում է դաստիարակվել, մեկ ուրիշին պոռոտախոս անվանեց։ Սա հայտնի՝ «սելը ճռռալու փոխարեն սելվորի ճռռալը» հիշեցրեց. երկիրը քարուքանդ արած ուժը դասեր է տալիս ընդդիմությանը, մեղադրանքներ ներկայացնում, եւ նրա հռետորաբանությունը գնալով լկտիանում է:

Ուշագրավ է, որ ընդդիմությունն էլ չպաշտպանեց իր թեկնածուին՝ միայն հարցի քննարկման սկզբից մինչեւ վերջ նստած մնացին դահլիճում։ Մենք տեղեկացանք, որ ընդդիմադիրների համար էլ է շոկային եղել ՔՊ-ականների բացահայտումը՝ գրառման վերաբերյալ, եւ դահլիճում են իմացել, որ իրենց թեկնածուն տարիներ առաջ նման արտահայտություններ է արել։ Բայց այն, որ նման մեթոդներով ընդդիմադիրներին կարողանում են չեզոքացնել, մեղքի զգացում ներշնչել, եւ նրանք հակափաստարկներ չեն կարողանում բերել, խոսում է ընդամենը ընդդիմության ոչ ճկուն եւ գաղափարազուրկ, խեղճ լինելուու բավարար չափով գրագետ չլինելու մասին»:

Նույն շարքից