Լրահոս Միջազգային 

Իրանում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երկու ոստիկան Է զոհվել․ ահաբեկիչները սպանվել են

analitik.am

Իրանի հարավ-արևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի մայրաքաղաք Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման հետևանքով երկու ոստիկան է սպանվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նահանգային բաժանմունքի հայտարարությունը:

ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ասվում է, որ Զահեդանի ոստիկանական բաժանմունքի վրա հարձակված ահաբեկչական խմբի բոլոր չորս անդամները սպանվել են:

Նշվում է, որ զինված անձինք նռնակներ են օգտագործել ոստիկանական բաժանմունք տանող իրենց ճանապարհը բացելու համար:

Հերքվել են լուրերն այն մասին, որ միջադեպին մահապարտներ են մասնակցել:

Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետի անվտանգության հարցերով տեղակալ Ալի Ռեզա Մարհամաթին հայտնել է, որ հարձակումը սկսվել է տեղական ժամանակով 07:15-ին:

Նա նաև հայտնել է, որ հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանական բաժանմունք մտնելը։

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ հարձակվողները մահապարտների ժիլետներ են կրել, նրանցից երկուսը պայթեցրել են իրենց: Ըստ լրատվամիջոցի՝ ականատեսները հայտնել էին, որ ահաբեկիչները բարձրացել են ոստիկանական բաժանմունքի դիտաշտարակ և վերևից կրակել ոստիկանների վրա: Նշվում էր նաև, որ ոստիկանական բաժանմունքի ներսում ոստիկանական ուժերը և բազայից դուրս գտնվող անվտանգության ուժերը դաժան փոխհրաձգության ընթացքում շրջապատել են հարձակվողներին:

Նույն շարքից