Հայաստան Հասարակություն 

Հերոսների վերականգնողական քաղաքում բացվել է «Հերոսների հացատուն»-ը

analitik.am

Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Վերականգնողական քաղաքի հոգեկան առողջության կենտրոնում բացվել է հացատուն, որտեղ աշխատելու են զոհված և անհետ կորած զինվորների մայրերն ու հարազատները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնի հիմնադիր Սուրեն Արեենցը պատմել է, որ հացատանը աշխատելու է վեց մարդ, իսկ հետագայում նրանց թիվը կավելանա։ Դրա բացումը մի քանի նպատակ ունի՝ թերապևտիկ, ուսուցողական (նոր հմտություններ) և, իհարկե, զբաղվածություն։

«Եթե մարդուն բուժես ու պարապ թողնես, ապա բուժումը թերի կլինի։ Բացի այդ, հացատունը թույլ կտա ապահովել կենտրոնի ինքնաֆինանսավորումը, բոլոր վճարումները կլինեն էլեկտրոնային, և ամբողջ շրջանառությունը կլինի վերահսկելի ու թափանցիկ»,- նշել է նա։

Իսկ ահա զոհված Գևորգ Հակոբյանի մայրը՝ Արևիկը, պատմել է, որ կենտրոնում աշխատելը, բացի սոցիալական խնդիրները լուծելուց, իր համար որդու երազանքն իրականացնելու հնարավորություն է: Նրա խոսքով՝ Գևորգը երազում էր բանակից վերադառնալուց հետո հացի փուռ բացել, որպեսզի այն ընտանեկան բիզնես դառնա:

«Պատերազմի օրերին ես հաց էի թխում ռազմաճակատի համար և մտածում էի, որ գուցե մի կտորն էլ որդուս կհասնի։ Իսկ հիմա կթխեմ կենտրոնի այցելուների համար, կզրուցեմ նրանց հետ և կօգնեմ վերականգնողական աշխատանքներին»,- նշել է կինը։

Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը օծել է հացատունն ու դրա բացումը խորհրդանշական համարել. հայերը, որտեղ էլ բնակություն էին հաստատում, առաջին հերթին թոնիր էին կառուցում, հետո՝ եկեղեցի ու դպրոց: Հոգևորականը դա բացատրում է նրանով, որ հայի համար կարևոր են հանապազօրյա հացն ու հոգու և մտքի սնունդը:

Ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական առողջության կենտրոնը բացվել է 2021 թվականի դեկտեմբերի 28-ին: Թվային տեխնոլոգիաների կիրառմամբ բուժմանը զուգահեռ, Արցախում մարտական գործողությունների մասնակիցները կարող են անհրաժեշտ վերականգնողական կուրս անցնել։ Կենտրոնի շահառուներ են նաև մարտական գործողությունների ժամանակ հաշմանդամություն ստացած զինվորականներն ու նրանց ընտանիքների անդամները: 2023 թվականին նախատեսվում է կենտրոնում հիվանդանոցային բուժման նոր մասնաշենք կառուցել։ Կենտրոնի մասնաճյուղեր կբացվեն Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Արցախում:

Նույն շարքից