Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

«Փոսի Տիկոն» հոգեբանական հնարք է գործադրում քաղաքացիների նկատմամբ

analitik.am

Ապրիլի 13-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Նախագծով, ի թիվս մի շարք փոփոխությունների, կետ կա նաև զինվորական համազգեստը կրելու վերաբերյալ: Մասնավորապես՝ վարչական պատասխանատվություն է սահմանվելու զինվորական համազգեստի կրման իրավունք չունեցող անձի կողմից զինվորական համազգեստի ապօրինի կրման համար:

Եթե այս օրենքը լիներ 5 տարի առաջ՝ Հայաստանում հայտնի իրադարձությունների ժամանակ, Նիկոլ Փաշինյանը, ով այն ժամանակ դեռ անգամ չէր հայտարարել վարչապետ դառնալու մտադրության մասին, առնվազն վարչական պատասխանատվության կենթարկվեր: Չնայած այդ օրերին Նիկոլ Փաշինյանի ու իր կողմնակիցների մասնակցությամբ այնքան մեծ թվով առերևույթ օրենքի խախտումներ եղան, որ վերոնշյալ խախտումը ընդամենը մի կաթիլ կլիներ հսկայական օվկիանոսում: Բավական է միայն հիշել Ռադիոտուն ներխուժելն ու այլ օրինակների մասին խոսելու անհրաժեշտություն այլևս չի լինի:

Երբ Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը սկսեց, նա բոլորին հայտնի հին ու բարի Նիկոլ Փաշինյանն էր՝ առանց մորուք, քաղաքացիական համազգեստով: Օրեր անց նա հանրությանը ներկայացավ արդեն մորուքով ու զինվորական համազգեստով: Շատերը միանգամից հասկացան, որ սա հատուկ հնարք է քաղաքացիներին դուր գալու համար: Մարդիկ, թեկուզ ենթագիտակցության մակարդակում սկսեցին նրան նմանեցնել հայ ազգի ամենասիրելի հերոսներից մեկին: Իսկ երբ Փաշինյանը սկսեց ձեռքի վիրակապով հանդես գալ, ամեն ինչ ընկավ իր տեղն: Արդեն որևէ կասկած չկար, որ սա հատուկ է արվում:

2019 թվականի վերջին, երբ նոր իշխանությունները հասան Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին ու արտաահերթ ընտրություններին, իշխող ուժի այն ժամանակվա թեկնածու Հայկ Մարությանը փակ հանդիպումներից մեկի ժամանակ մի արտահայտություն արեց, որը ինչ-որ կախարդական ձեռքով հայտնվեց հանրության տրամադրության տակ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է մարդկանց սևերի ու սպիտակների բաժանելուն: Այսօր արդեն կարևոր չէ՝ դա Մարությանի մտահաղացումն էր, թե նրան ասել էին, որ այդպես ասի: Կարևորն այն է, որ սա արմատավորվեց հանրության մեջ այնպես, ինչպես լինում էր ամեն ինչի դեպքում, ինչն անում էին իշխանության ներկայացուցիչները: Այդ օրերին նրանց նկատմամբ սերն ու վստահությունը չափ ու սահման չուներ:

Սեպտեմբերին սպասվում են Երևանի ավագանու հերթական ընտրությունները: Այս օրերի հանրության վրա սկսել է հոգեբանական հնարքներ գործադրել իշխող ուժի նոր թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը: Իր վերջին գրեթե բոլոր հանդիպումներում «Փոսի Տիկոն» հանրությանը ներկայանում է ճերմակ հագնված: Միայն միամիտները կարող են կարծել, թե դա պատահականություն է կամ Ավինյանը միայն հենց այդ հագուստն ունի: Նա քաղաքացիներին հիշեցնում է, որ ինքը սպիտակ է, ինքը նիկոլական է:

Եթե իշխող ուժը սկսել է քաղաքացիների վրա փորձված հնարքը գործադրել, կարող է նշանակել, գործերն այնքան էլ լավ չեն: Դա ապացուցում են նաև վերջին հարցումների արդյունքները: Մասնավորապես՝ 2 օր առաջ հայտնի դարձավ, որ իշխող ուժի թեկնածուին պատրաստ է ընտրել քաղաքացիների միայն 10 տոկոսը:

Նույն շարքից