Բարի օր Լրահոս Հասարակություն 

Տիգրան Ավինյանն անգամ որդերի հարցը չի կարողանում լուծել, քաղաք ո՞նց է պահելու /տեսանյութ/

analitik.am

Երևանի կենտրոնը, բացի աղբի մեջ կորելուց, նաև վերածվել է որդերի բնակավայրի: Խոսքը վերաբերում է ծառերի վրա վխտացող որդերին, որոնց դեմ պետք է պայքարի Երևանի քաղաքապետարանը: Սակայն, ինչպես շատ այլ հարցերում, այստեղ ևս քաղաքապետարանը, որն այդքան շատ ցանկանում է ղեկավարել Տիգրան Ավինյանը, մեղմ ասած, թերանում է: Երևանի մասնավորապես կենտրոնում երբեք այսքան որդեր չեն եղել ծառերի վրա, ինչպես այժմ: Իսկ դրա դեմ պայքարելու համար բավարար է, որպեսզի քաղաքապետարանը ժամանակին կատարի անհրաժեշտ սրսկումները:

Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ որդերը նաև հեշտությամբ ներխուժում են քաղաքացիների տները: Հատկապես այն մասերում, որտեղ ծառերը մոտ են բնակարանների լուսամուտներին, քաղաքացիները ստիպված են սեփական միջոցներով պայքարել միջատների դեմ, անել այն, ինչ պարտավոր են անել քաղաքային իշխանությունները, ինչի դիմաց գումար են ստանում:

Բնակարաններից բացի միջատները հանգիստ ու հպա՜րտ ներխուժում են նաև շենք շինությունների առաջին հարկերում գործող տարբեր հաստատություններ՝ սրճարաններ, տարբեր գրասենյակային տարածքներ: Միջատները դարձել են այդ տարածքների մշտական, բայց ոչ սպասված հյուրերը:

Ստորև ներկայացված տեսանյութն արվել է Թումանյան փողոցում՝ Օպերայի հարևանությամբ: Կադրերում պարզ երևում է, թե ինչքան լավ են զգում միջատները մայթին: Որդերն իրենց զգում են համարյա իշխանության ներկայացուցիչների նման՝ անկաշկանդ ու դուխով:

Այս ամենի ետևում կարող է մեկ այլ վտանգավոր նպատակ լինել: Չի բացառվում, որ քաղաքային իշխանությունները մտածված են աչքաթող անում այս հարցը, որպեսզի միջատները փչացնեն ծառերը: Դրանից հետո քաղաքապետարանի պաշտոնյաները կարող են հայտարարել, թե ծառերն իրենց կենսունակությունը կորցրել են ու արմատախիլ անեն նաև դրանք, ինչպես վարվեցին Երևանի ոչ միայն կենտրոնի ծառերի հետ: Բոլորին է հայտնի Փոսի Տիկոյի հակակրանքը ծառերի նկատմամբ:

Եթե Տիգրան Ավինյանն ու իր թիմը չեն կարողանում լուծել անգամ որդերի հարցը, ինչպե՞ս են պատրաստվում տեր կանգնել մի ամբողջ քաղաքի, որտեղ բնակվում է ամբողջ հանրապետության բնակչության կեսը: Դա նույնն է, որ աղվեսին հավաբուն վստահես:

Նույն շարքից