Բարի օր Հասարակություն 

Աստծուն պետք է շնորհակալ լինե՞լ ողբերգությունից խուսափելու համար

analitik.am

Օրեր առաջ, երբ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է Գազել մակնիշի ավտոմեքենա վարում՝ հայտնելով, որ դա մայրաքաղաքի երթուղային գծում վերջին Գազելն է, սոցկայքում քննարկումներ սկսվեցին այն մասին, որ նա մեքենան վարում է առանց ամրագոտի:

Սակայն հարցադրումները միայն դրանով չէին ավարտվում: Քաղաքացիներին հետաքրքրում էր, թե ով է թույլ տվել Ավինյանին վարել երթուղային միկրոավտոբուս, տեղափոխել մարդկանց, արդյո՞ք նա ունի վարորդական իրավունքի համապատասխան կարգ՝ տվյալ տեսակի մեքենա վարելու համար:

Արդեն այսօր պարզ դարձավ, որ հարցադրումներն ու անհանգստությունն այդքան էլ անտեղի չէին: Ինչպես հայտնում է լրատվամիջոցներից մեկը, Տիգրան Ավինյանն օրենքի խախտմամբ է վարել «Երևանի վերջին Գազել»-ը, որի շուրջ գովազդային հոլովակ էր պատրաստել Երևանի քաղաքապետարանը։

Հանրային տրանսպորտ վարելու համար պետք է ունենալ D կարգի վարորդական վկայական, սակայն այդ վկայականը նա չունի: Փոխարենը նա ունի B կարգի վարորդական վկայական, որը ստացել է 2017-ին։

Շատ խելք պետք չէ հասկանալու համար, որ վարորդական իրավունքի համար տարբերկարգեր սահմանողները հենց այնպես դա չեն արել: Տրամաբանական է, որ ամեն B կարգ ունեցող վարորդ չի կարող վարել օրինակ C կարգ ունեցող վարորդի նման և այդպես շարունակ: Բոլորը գիտեն, որ ամեն կարգ ստանալու համար վարորդները պետք է քննություն հանձնեն: Այդ քննությունների ժամանակ պարզ է դառնում, թե որքանով է տվյալ վարորդը պատրաստ կոնկրետ տեսակի մեքենա վարելուն:

Այսինքն, եթե Ավինյանը չի հանձնել D կարգ ստանալու համար քննություն, տրամաբանական ու արդարացի հարց է առաջանում՝ արդյո՞ք նա կարող է վարել այն տեսակի փոխադրամիջոցը, որի ղեկին նստել է: Նրա կարողությունների փաստացի ապացույց չկա: Հետևաբար, բացի օրենքի խախտումը, այստեղ գործ ունենք նաև մարդկային կյանքեր վտանգելու հետ:

Ավինյանը, լինելով բարձրաստիճան պաշտոնյա, փաստացի վտանգել է մի խումբ քաղաքացիների կյանքն ու առողջությունը, նրանց տեղափոխելով A կետից B կետ՝ դրա համար չունենալով համապատասխան իրավունք ու հնարավոր է՝ կարողություն: Սա հատկապես դատապարտելի է այսօր տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո, ինչի հետևանքով 11 զոհ ու 6 վիրավոր կա: Մնում է միայն շնորհակալ լինել Ասստծուն, որ նմանատիպ ողբերգություն տեղի չի ունեցել Ավինյանի վարած մեքենայի հետ: Ու այս ամենը՝ մի գովազդային տեսահոլովակի համար, որը պատրաստվել է Երևանի ավագանու ընտրությունների համար:

Նույն շարքից