Բարի օր Հասարակություն 

Ո՞ւր են գնում Երևանի բակերի բարեկարգման ու կառուցման համար տրվող միլիոնները

analitik.am

Օգոստոսի 15-ին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը կրկին անցել էր իր հին, ամենասիրած գործին ու կարմիր ժապավեն էր կտրում: Այս անգամ ժապավենը կտրվել է Շենգավիթ վարչական շրջանում: Նա հայտարարել է, որ երևանյան բակերը պետք է լինեն բնակիչների հանգստի, երեխաների խաղալու համար: Նա վստահեցրել է, որ միայն այս տարի 200-ից ավելի բակ է կառուցվել ու կառուցվում:

Սրան զուգահեռ օրեր առաջ Տիգրան Ավինյանը տելեգրամյան իր ալիքում հրապարակեց մի սանդղակ, թե վերջին տարիներին որքան գումար է ծախսվել Երևանի բակերի բարեկարգման համար: Սանդղակն արդեն մի քանի օր է՝ ակտիվորեն գովազդվում է նաև Ֆեյսբուք սոցիալական ցանցում:

Փոխանցվող տեղեկությունների համաձայն, 2023 թվականին բակերի հիմնանորոգման ու կառուցման համար ծախսվել է 3 անգամ ավելի շատ գումար, քան 2022 թվականին:

Միայն այս տարի բակերի բարեկարգման ու կառուցման համար Երևանի քաղաքապետարանը ծախսել է ավելի շատ գումար, քան 2019, 2020, 2021 և 2022 թվականները միասին վերցված:

Ինչո՞ւ է այսքան առատաձեռն դարձել քաղաքապետարանն այս հարցում՝ կարելի է ենթադրություններ անել: Նախ այս տարի սպասվում են ավագանու ընտրություններ, ինչի համար Տիգրան Ավինյանը փիառի կարիք ունի: Հենց նա է հայտնվում այս կամ այն բակում, կտրում կարմիր ժապավենը, լուսանկարվում, խոստումներ տալիս ու գնում: Մյուս կողմից էլ, տեսնելով բարեկարգված բակերի բարեկարգման մակարդակը, ակնհայտ է դառնում, որ այն լավ գումար աշխատելու տեղ է:

Երևանի քաղաքապետարանը և, մասնավորապես, Տիգրան Ավինյանը սիրում են լուսանկարվել գեղեցիկ վայրերում, ներկայացնել, թե ամեն ինչ շատ լավ է, սակայն նրանք չտեսնելու են տալիս այն բակերը, որտեղ ոչ միայն խաղալու պայմաններ չկան, այլ նաև դրանք վտանգավոր են երեխաների համար:

Ստորև ներկայացված լուսանկարներն արվել են մեկ թաղամասի երկու բակերում: Դուք ինքներդ կարող եք տեսնել, թե ինչի մասին է խոսքը ու որոշել՝ արդյո՞ք կցանկանայիք, որ ձեր երեխաները խաղան նման պայմաններում:

Նույն շարքից