Բարի օր Քաղաքականություն 

Ավինյանը մի կողմից իր կադրերին է բերում քաղաքապետարան, մյուս կողմից՝ աշխատում նախկինների հետ

analitik.am

Այս տարի մարդի 17-ին Հրաչյա Սարգսյանը հրաժարական ներկայացրեց Երևանի քաղաքապետի պաշտոնից: Երևանի ավագանու ՔՊ խմբակցությունը նոր քաղաքապետ ընտրելու փոխարեն, նախընտրեց քաղաքապետի աթոռը թողնել թափուր՝ Երևանի կառավարումը դե յուրե հանձնելով քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանին, իսկ դե ֆակտո՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին:

Սա արվեց մի պարզ հաշվարկով՝ Տիգրան Ավինյանին առաջին պլան բերելու, նրա փիառն անելու և քաղաքապետի պաշտոնում նրան հաստատելու համար: Ստացվում է, որ արդեն 6 ամիս է՝ Երևանը քաղաքապետ չունի: Սակայն դա չի խանգարում, որպեսզի Երևանի չեղած քաղաքապետն ունենա նոր խորհրդական:

Հուլիսի 14-ին հայտնի դարձավ, որ Սոնա Թևանյանը նշանակվել է քաղաքապետի խորհրդական: Առաջին հայացքից որևէ տարօրինակ բան չկա, բայց՝ միայն առաջին հայացքից: Բանն այն է, որ Սոնա Թևանյանը մինչև քաղաքապետի խորհրդական նշանակվելը հասցրել է պաշտոն զբաղեցնել կառավարությունում, իսկ ավելի կոնկրետ՝ Տիգրան Ավինյանի աշխատակազմում, երբ վերջինս դեռ փոխվարչապետ էր և աջ ու ձախ ձախողում էր այն ամենը, ինչ իրեն հանձնվում էր՝ կորոնավիրուսի դեմ պայքարից մինչև Ֆիրդուսի թաղամասի կառուցապատում:

Քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում Թևանյանը դեռ լուսանկար ու կենսագրություն չունի, սակայն հայտնի է, որ նա եղել է Տիգրան Ավինյանի խորհրդականը: Այսինքն, Տիգրան Ավինյանը, դեռ քաղաքապետ չլինելով, քաղաքապետարանում տեղավորում է իր կադրերին՝ իր նախկին խորհրդականին նշանակելով քաղաքապետի խորհրդական: Թևանյանը միակ պաշտոնյան չէ, ով քաղաքապետարանում է ու կապ ունի Ավինյանի հետ:

Փոխքաղաքապետի հետ կապ ունի նաև, օրինակ, մյուս փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանը, ով Ավինյանի ընկերն է: ՔՊ թեկնածուն մի կողմից քաղաքապետարանում է տեղավորում իր կադրերին, մյուս կողմից՝ ակտիվորեն աշխատում է հենց ՔՊ-ի բնորոշմամբ «նախկին թալանչիների» հետ. ըստ տարածվող տեղեկությունների Ավինյանի օգտին աշխատում են նախկին իշխանության օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած Գագիկ Բեգլարյանն ու Մհեր Սեդրակյանը:

Թե ինչն է ստիպել նախկիններին ու ներկաներին համագործակցել իրար հետ, միայն կարելի է ենթադրել: Սակայն, հաշվի առնելով, այսպես կոչված, ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները, կարելի է ենթադրել, որ ներքին պայմանավորվածություն կա՝ մենք ձեռք չենք տալիս ձեր գույքին, դուք օգնում եք մեզ հաղթել ընտրություններում:

Սակայն, նախկինները, որ այդքան ակտիվորեն աշխատում են ՔՊ-ի թեկնածուի օգտին, պետք է նկատի ունենան, որ ներկաները պատրաստ են ցանկացած պահի փուռը տալ ցանկացածին՝ իրենց իշխանությունը պահելու համար: Այդ փուռը գնացողի դերում ամեն պահի կարող են լինել նաև հենց իրենք՝ անկախ մատուցած ծառայություններից:

 

Նույն շարքից