Բարի օր Հասարակություն 

Տիգրան Ավինյանի «պահած» Երևանը շուտով կորելու է փոշու ամպի մեջ

analitik.am

Երևանում շինարարության աննորմալ տեմպերը, որքան էլ որ աբսուրդային է, դարձել են Հայաստանի գործող իշխանությունների հիմնական փիառվելու տարրը:

Ինչպես կառավարության ղեկավարի, այնպես էլ իշխող ուժի՝ Երևանի թեկնածուի մակարդակով շաբաթական մի քանի անգամ խոսվում է շինարարության ծավալների մասին՝ աչք փակելով օդի որակի վրա, որը մարդու առողջության համար ուղիղ վտանգ է հանդիսանում: Դա կարող է վկայել Երևանի ցանկացած բնակիչ և հյուր:

Քաղաքային իշխանություններն այնքան են կորցրել իրականության զգացումը, որ կարող են հենց մայրաքաղաքի կենտրոնում օրը ցերեկով պեսկաստրույով շենքի ճակատ մաքրել: Այսինքն՝ փոխանակ արգելեն շինարարներին այդ եղանակով մաքրել շենքերը, դեռ մի բան էլ իրենք են դա անում՝ նպաստելով Երևանի առանց այդ էլ կեղտոտ օդն ավելի կեղտոտելուն և շենքերը փչացնելուն:

Երևանում օդի կեղտոտվածության մասին համապատասխան պետական կառույցների հայտարարությունները չեն դադարում: Առանց բացառության ամեն հաղորդագրության մեջ նշվում է մայրաքաղաքի այս կամ այն վարչական շրջանում աղտոտվածության մակարդակի մասին: Սակայն անգամ սա չի ստիպում քաղաքային իշխանություններին ու, մասնավորապես, Տիգրան Ավինյանին կանգ առնել՝ չվտանգել մարդկանց առողջությունը:

Ավինյանը միայն սահմանափակվում է քաղաքապետարանում գործակարգավարական նիստերի ժամանակ հայտարարություններով, թե բոլոր շինհրապարակներում պետք է կիրառեն փոշու որսիչ ցանցեր: Այն, որ նման ցանցեր չեն կիրառվում, այն որ Երևանը փոշում կորած է, մայրաքաղաքի բնակիչները հերթական անգամ համոզվում են ամեն անգամ, երբ քամին ջրի երես է հանում ցավալի իրականությունը: Մի քանի րոպեում ամբողջ քաղաքը կորում է փոշու ամպի մեջ՝ ստեղծելով մառախուղի տպավորություն: Խոսքը հատկապես վերաբերում է կենտրոնին ու քաղաքի այն հատվածներին, որտեղ ընթանում են շինարարական աշխատանքներ, օրինակ՝ Տիչինայում կառուցվող հսկայական թաղամասում:

Շինարարության այս տեմպերը շարունակվելու են առնվազն մինչև մայրաքաղաքի ընտրությունները, քանի որ իշխանություններն աջ ու ձախ փողոցներ են քանդում ու շինթույլտվություններ տալիս: Դրանք ենթադրաբար տալիս են ընտրություններում աջակցությունների դիմաց: Իսկ թե ինչ կլինի ընտրություններից հետո, պետք է որոշեն առաջին հերթին հենց երևանցիները՝ իրենց քվեով ասելով՝ ուզում են ապրել ՔՊ-ի «պահած» փոշու ու կեղտի մեջ կորած, առողջության համար վտանգավոր օդով Երևանում, թե՞ բոլոր առումներով մաքուր Երևանում:

Նույն շարքից