Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Ինչո՞վ են զբաղված Տիգրան Ավինյանի ենթակա պաշտոնյաները այս օրհասական օրերին

analitik.am

Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին իրականությունից կտրելու ու հնարավոր բողոքի ձայնը խլացնելու համար որևէ նոր մեթոդի չի դիմում: Նա իր մտահաղացմամբ կամ այլոց խորհրդով դիմում է հին ու փորձված մեթոդների, որոնք գոյություն ունեն ոչ թե տասնամյակներ, այլ հարյուրամյակներ: Գոյություն ունեցող տեխնոլոգիաներից ամենաշատը՝ մասնավորապես վերջին շրջանում, Հայաստան կիրառվում է «հաց և տեսարաններ»-ը: Մեր դեպքում «հացը» կարող ենք համարել ամենատարբեր չինովնիկների՝ դատավորների, դատախազների, նախարարների, պատգամավորների և այլոց աշխատավարձերի բարձրացումը, ինչպես նաև թոշակի աննշան ավելացումը, իսկ ահա «տեսարանների» մասով պակաս չկա:

Ինչպես նկատում ենք, «հացը» բաժին է հասնում բացառապես վերնախավին, որպեսզի վերջիններս անգամ մտքի ծայրով չմտածեն ընդդիմանալու մասին, իսկ «տեսարանները» շարքային քաղաքացիների համար են:

Հենց ասվածի մեջ կարող եք տեղավորել այն անթիվ ու անհամար փառատոն կոչվածները, որոնք կազմակերպվում ու անցկացվում են ոչ միայն մայրաքաղաք Երևանում, այլ Հայաստանի ամբողջ տարածքում: Իշխանություններն ամեն ինչ անում են շարքային քաղաքացիներին ցույց տալու համար, որ երկրում որևէ խնդիր չկա, չկա անվտանգային խնդիր, սոցիալական խնդիրներ և ի վերջո՝ Արցախի խնդիր:

Նիկոլ Փաշինյանին այս գործում լուրջ օգնություն է ցուցաբերում Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ով քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հեռացվելուց հետո փաստացի կուռացիա է անում քաղաքապետարանը: Ավինյանը փաստացի ավելի քան 1 միլիոն ՀՀ քաղաքացու ղեկավար է ու երազանք ունի սեպտեմբերի 17-ից ահետո նաև դե յուրե այդպիսին լինել: Դժվար է հաշվել, թե վերջին ամիսներին քանի համերգ, փառատոն ու այլ միջոցառումներ են կազմակերպվել Երևանում: Դա այլ պարագայում դրական կլիներ, սակայն ավելի քան 200 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ ունենալու, սովամահության դեպքերի գրանցվելու պարագայում դա ավելի քան մտահոգիչ է ու հարցերի տեղիք տվող: Չնայած՝ մյուս կողմից էլ պարզ է, որ այլ պարագայում նշյալ փառատոններն ու համերգները չէին լինելու. Դրանց իմաստն ուղղակի չէր լինելու:

Օգոստոսի 21-ին Տիգրան Ավինյանը հայտարարեց հերթական միջոցառման մասին՝ Թումոյի այգում կազմակերպվելու են օպերայի երեկոներ: Այսպես ասած՝ «մեր սև սիրտ, Ավինյանի գունավոր օպերաներ»: Փոխքաղաքապետն այսպես իր ներդրումն է ունենում «տեսարանների» ապահվոման գործում, իսկ մյուս կողմից ՝ թույլ է տալիս իր ենթականերին «տեսարաններ» ապահովել մտերիմ շրջապատում: Այս ժամանակահատվածում, երբ հազարավոր հայեր, բառի բուն իմաստով սնունդի խնդիր ունեն, կենաց մահու պայքար են մղում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը շքեղ երեկույթ է կազմակերպում հայտնի ռեստորաններից մեկում՝ ամաններ կոտրելով ընկերոջ գլխին: Այս ամենը նկարահանվում է ու հրապարակվում սոցկայքում: Բնականաբար, փարթիին չէին կարող պատահաբար մարդիկ ներկա լինել, հետևաբար չէր էլ կարող նման տեսանյութը հրապարակվել առանց պաշտոնյայի ցանկության:

«Հեղափոխականներն» արդեն մի քանի անգամ գերազանցել են «նախկին թալանչիներին»: Նրանք ամեն կերպ ցույց են տալիս, որ իրենց ամենևին չի հետաքրքրում Արցախի, արցախցու, ինչու ոչ՝ նաև Հայաստանի ու հայաստանցու ճակատագիրը: Իրենց համար կարևորն իրենց զվարճանքներն են ու բարեկեցությունը, իսկ շարքային քաղաքացու համար կա երկու բան «հաց և տեսարաններ»:

Նույն շարքից