Բարի օր Հասարակություն 

Տիգրան Ավինյանն անձնական փիառի համար վարի տվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը

analitik.am

Երկու շաբաթ առաջ Երևանի փոխքաղաքապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց, որտեղ հանրությանը ներկայանում էր վարորդի կերպարով: Նա էժանագին միջոցներով հայտարարեց, որ վարում է Երևանի հասարակական տրանսպորտի համակարգի վերջին Գազել մակնիշի ավտոմեքենան՝ իր խոսքերով անակնկալ մատուցելով քաղաքացիներին:

Հատկանշական է, որ նույնիսկ սույն Գազելի ուղևորների դեմքից կարելի էր նկատել նրանց վերաբերմունքն Ավինյանի նկատմամբ, ով այդ գովազդային հոլովակը նկարահանելու համար խախտել էր բոլոր հնարավոր ու անհնարին կանոնները՝ ամրագոտի չկապելուց մինչև վարորդական իրավունքի համապատասխան կարգ չունենալը: Տիգրան Ավինյանին ու իր թիմին իրոք հաջողվեց Երևանը մաքրել հնամաշ, իրենց խոսքերով, մահաբեր Գազելներից, սակայն ստացվեց այնպես, որ նրանք առհասարակ քաղաքացիներին զրկեցին հասարակական տրանսպորտից:

Բանն այն է, որ երթուղային ցանցից դուրս բերվեց ավելի շատ մեքենա, քան համալրվեց: Անգամ քաղաքապետարանում են ընդունում, որ որոշ գծերում քաղաքացիները ստիպված են լինելու իրենց ավտոբուսին սպասել մինչև 15 րոպե: Իսկ եթե քաղաքապետարանում ասում են 15 րոպե, դա նշանակում է՝ առնվազն 25-30 րոպե, ինչը պարզ է դառնում վերջին օրերին:

Սոցիալական կայքերում մեծ թվով քաղաքացիներ բողոքում են, որ ստիպված են լինում շատ երկար սպասել իրենց ավտոբուսներին: Շատերն անգամ կեսկատակ երանությամբ են հիշում հին Գազելների մասին: Խնդրի մասին Տիգրան Ավինյանին հայտնեցին նաև այսօր Նուբարաշենում քարոզարշավի շրջանակներում նրա հետ հանդիպող քաղաքացիները,վերջիններիս խոսքով՝ իրենք ստիպված են լինում 30 րոպե սպասել ավտոբուսին:

Ստացվում է, որ Ավինյանն ու իր թիմն անձնական փիառի համար վարի տվեցին հասարակական տրանսպորտի աշխատանքը: Միայն ենթադրել կարելի է, թե ինչ է կատարվելու սեպտեմբերի 1-ից հետո, երբ համալսարաններում ու դպրոցներում մեկնարկեն դասերը: Հասարակական տրանսպորտի ոլորտում քաոսը նոր թափ է ստանալու ու միանալու փողոցների քանդվելու արդյունքում ստեղծված անկառավարելի վիճակին:

Շատ խելք պետք չէ ունենալ հասկանալու համար, որ ուսանողներն ու աշակերտները չեն կարողանալու ժամանակին հասնել դասերին: Ցավալի է, բայց փաստացի մի քանի ամիս քաղաքապետարանում կուռացիա անող մարդը, ով ավելի վաղ նաև փոխվարչապետ է եղել, այդպես էլ մինչև հիմա չհասկացավ, որ խնդիրը Գազելները չեն ու հնարավոր չէ հարցին լուծում տալ դրանցից ազատվելով:

Հարցը հնարավոր է լուծել միայն համակարգային ձևով, ինչի մասին մինչ այս պահը դեռ միայն խոսում են՝ առանց որևէ քայլ առաջ անելու: Այստեղ առանձնապես լավատես լինել պետք էլ չէ, քանի որ մարդկանց կյանքը վտանգելով նրանց A կետից B կետը տեղափոխող անձին քաղաքացիների հոգսերը չեն կարող հուզել: Նոր իշխանությունները չեն օգտվում հասարակական տրանսպորտից, ունեն անձնական վարորդներ կամ մեքենաներ, հետևաբար չեն էլ տանջվում շարքային քաղաքացու նման: Այն քաղաքացու, ում ձայներով հավակնում են քաղաքապետ ընտրվել:

Նույն շարքից