Բարի օր Հասարակություն 

Տիգրան Ավինյանի «հերթական շոու» ծրագիրը

analitik.am

Երևանի քաղաքապետարանն այսօր սկսել է ապամոնտաժել Թումանյան 39 հասցեի բազմաբնակարան շենքի մանսարդային հարկը: Հիշեցնենք, որ այս հասցեում կատարվող շինարարության շուրջ աղմուկը բարձրացավ ավելի քան 1,5 ամիս առաջ՝ ֆեյսբուքյան օգտատերերից մեկի կողմից արված տեսանյութից հետո:

Տեսանյութում երևում էր, որ շենքի տանիքն ամբողջությամբ ապամոնտաժվել է, կառուցապատողը հասցրել է մեծ քանակությամբ բետոն լցնել շինհրապարակում և կատարել այլ շինարարական աշխատանքներ: Այն, որ շինարարական աշխատանքները կատարվում էին Երևանի հենց կենտրոնում ու դրանք տեսանելի էին անզեն աչքի համար, ենթադրում էր, որ շինարարությունն ապօրինի չէ:

Ավելի ուշ հարցը քննարկման առարկա դարձավ քաղաքապետարանում, սակայն մեկ-երկու անգամ դրա մասին խոսելուց հետո լռություն տիրեց: Իսկ արդեն այսօր քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել շինությունը:

Նշենք, որ դեռ օգոստոսի 14-ին հայտնի էր դարձել, որ սույն հասցեում վերնահարկի շինթույլտվությունն անվավեր է ճանաչվել: Սակայն բանն այն է, որ անգամ եթե այդպես է, կառուցապատողը 2 ամիս ժամանակ ունի որոշման բողոքարկման համար:

Ինչպես նշվեց, այս դեպքում քաղաքապետարանի աշխատակիցները թքած ունեն օրենքի վրա, ինչը տրամաբանական է, քանի որ այն հենց հիմա պետք է քանդվի. արդեն 3 օր է՝ ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, ու Տիգրան Ավինյանը պետք է ցույց տա, թե աշխատանք է կատարում:

Եթե նա սպասի օրենքով նախատեսված 2 ամիսը, այդ ընթացքում ոչ միայն քարոզարշավը, այլ նաև ընտրություններն արդեն անցած կլինեն, հետևաբար արդեն ապամոնտաժելն էլ իմաստ չի ունենա:

Analitik.am-ի հետ զրույցում կառուցապատողն ասաց, որ իրենք ունեցել են բոլոր համապատասխան փաստաթղթերը կառուցապատման համար ու հենց այդ հիմքով են սկսել շինարարությունը: Սակայն, ավելի ուշ շենքի բնակիչներից մեկը բողոքարկել է՝ պնդելով, թե ինքն իր համաձայնությունը չի տվել: Դրանից հետո հարցը քննարկման առարկա է դարձել քաղաքապետարանում: Հատկանշական է, որ սրան զուգահեռ քաղաքապետարանը չի ապամոնտաժում Չարենից տուն թանգարանի վերնահարկում կառուցված մանսարդային հարկը: Կարելի է ենթադրել, որ այդ դեպքում կառուցապատողն ավելի «թափով» մարդ է, ու իշխանությունները գլուխ չեն դնում նրա հետ: Ընդ որում, այս դեպքում գործ ունենք պատմամշակութային շենքի հետ՝ ի տարբերություն Թումանյան 39 հասցեում գտնվող շենքի: Հավելենք, որ վերոնշյալ հասցեում ապամոնտաժման աշխատանքները կատարվում են ինչ-որ բանվորների կողմից, առանց ապամոնտաժման գծագրի: Քաղաքապետարանի աշխատակիցները տեղում են, վերահսկում են աշխատանքները, սակայն բանվորները չունեն տարբերվող արտահագուստ, իսկ տարածքը սահմանազատված չէ, ինչն ուղիղ վտանգ է սպառնում քաղաքացիների համար:

Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Տիգրան Ավինյանին անհրաժեշտ է շոու անել, դրա համար ամեն ինչ արվում է արագացված կարգով՝ առանց օրենքի պահանջները պահպանելու: Ամեն ինչ արվում է, որպեսզի ՔՊ թեկնածուն առաջիկա օրերին հպա՜րտ դեմքով հայտարարություններ անի ապօրինի ու ոչ միայն ապօրինի շինարարության դեմ իբր պայքարի մասին:

Նշենք նաև, որ ապամոնտաժման աշխատանքները շատ ջանասիրաբար նկարահանվում էին դրոններով:

Նույն շարքից