Բարի օր Հասարակություն 

Տիգրան Ավինյանի հերթական պոռթկումը

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին հաշված օրեր են մնացել, ու հաշվի առնելով այն, թե վերջին օրերին ինչ փոփոխություն է կրել իշխող ուժի քարոզարշավը՝ կարելի է ենթադրել, որ ՔՊ-ի գործերն այնքան էլ լավ չեն:

Օրեր առաջ տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իշխող ուժը պատրաստվում է քարոզարշավն ավարտել մեծ հանրահավաքով, որին ամենայն հավանականությամբ մասնակցելու է նաև Նիկոլ Փաշինյանը: Այս տեղեկությունները ՔՊ-ից չհերքեցին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ դա իրականությունից այդքան էլ հեռու չէ: Ի դեպ, չի բացառվում, որ դեպքերի այսօր առկա ընթացքի շարունակվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը ստիպված լինի անձամբ խաղի մեջ մտնել ավելի շուտ:

Իսկ մինչ այդ նա արդեն այօր մարտի է նետել իր ծանր հրետանուց մեկ միավոր: Խոսքը մասնավորապես վերաբերում է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանին: Հիշեցնենք, որ ընդամենը 1 շաբաթ առաջ Ալեն Սիմոնյանը կրկնակի վիրահատության է ենթարկվել ձեռքի վնասվածք ստանալուց հետո: Վիրահատության օրն անգամ տեղեկություններ տարածվեցին, որ բարդություններ են առաջացել, իսկ անզգայացումից դուրս գալուց հետո ԱԺ նախագահի վիճակը նորից վատացել է և ստիպված են եղել նրան քնեցնել, որպեսզի անեսթեզիայի բացասական ազդեցությունը նվազեցնեն։ Թե ինչպես է Սիմոնյանը հասցրել այս կարճ ժամանակահատածում կազդուրվել ու մասնակցել քարոզարշավին, մնում է գաղտնիք:

Ի դեպ, Ալեն Սիմոնյանից բացի քարոզարշավին մասնակցում է նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Սակայն Ալեն Սիմոնյանի ու նախարարների ներգրավումը միակ ուշագրավ փոփոխությունը չէ, որ եղավ վերջին օրերին: Բանն այն է, որ հանգստյան օրերին քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն արեց մի բան, որը պատռեց նրա դիմակը:

Նա քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ շեղվեց ավագանու ընտրությունների թեմայից ու սկսեց խոսել օրեր առաջ սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին՝ հայտարարելով, որ ադրբեջանական ուժերին հարված է հասցվել հայկական արտադրությամբ զինատեսակներով: Մի կողմ դնենք այն, որ Տիգրան Ավինյանը, լինելով ընդամենը քաղաքապետի տեղակալ, այդքան էլ իրավասու չէ նման հայտարարություններ անել, այստեղ հատկանշականն այլ բան է: Այս բոլոր օրերի ընթացքում լրագրողներն ամեն կերպ փորձում են պարզել, թե ինչ վերաբերմունք, կարծիք ունի ՔՊ-ի թեկնածուն Արցախում ստեղծված իրավիճակի մասին: Նա ամեն կերպ խուսափել ու խուսափում է խոսել այդ թեմայի մասին՝ հայտարարելով, որ դա կապ չունի Երևանի ընտրությունների հետ, ինքը քարոզարշավ է անում ու ուզում է, որ իրեն հարցեր տան Երևանի վերաբերյալ: Իսկ ի՞նչ կապ ունի սահմանինն տեղի ունեցածը Երևանի կամ Երևանի ընտրությունների հետ: Թերևս՝ ոչ մի: Այլ բան, եթե սահմանը լիներ հենց Երևանին կպած, ինչը մի օր հնարավոր է լինի, եթե շարունակվի այս իշխանությունների կառավարումը:

Ստացվում է, որ Ավինյանը մի կողմից հրաժարվում է խոսել Արցախի մասին՝ հայտարարելով, թե դա կապ չունի Երևանի ու ընտրությունների հետ, սակայն մյուս կողմից, չունենալով իրավասություն, խոսում է մեկ այլ բանի մասին, որը ավելի քիչ կապ ունի Երևանի հետ: Հատկանշական է նաև մեկ այլ բան: Երբ հետևում ես, թե ինչպես է Տիգրան Ավինյանը խոսում սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին՝ տարօրինակ վարքագիծ ես նկատում ՔՊ թեկնածուի մոտ:

Չի բացառվում, որ նրա մոտ պահի տակ պոռթկում է եղել ու նա փորձել է արժանանալ քաղաքացիների ծափերին՝ խոսելով դուրեկան բաներ: Ամեն դեպքում այսօր ևս նա հրաժարվել է խոսել Արցախի մասին՝ այդ թվում նաև չպատասխանելով հարցին, թե ինչու չի խոսում այդ թեմայի վերաբերյալ, բայց խոսում է ընտրությունների հետ կապ չունեցող մեկ այլ թեմայի մասին:

Նույն շարքից