Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն անձամբ է մտնում խաղի մեջ, իսկ Տիգրան Ավինյանը խայտառակ է անում նրան սկանդալային տեսանյութով

analitik.am

Նիկոլ Փաշինյանը երեկ շրջայց կատարեց Երևանում և ծանոթացավ վարչական շրջաններում իրականացված և ընթացքում գտնվող մի շարք ծրագրերին: Այս մասին հայտնում են վարչապետի մամուլի ծառայությունից: Կառավարության ղեկավարը մեկ օրվա մեջ հասցրել է լինել Երևանի 12 վարչական շրջաններից 8-ում, այցելել դպրոցներ, մանկապարտեզներ, ինչպես նաև՝ Նուբարաշեն վարչական շրջանում գտնվող Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:

Լուսանկարներից ու ավելի վաղ նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութերից պարզ է դառնում, որ նրան այցերի ժամանակ ուղեկցել է ոչ ավել ոչ պակաս՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Առաջին հայացքից այստեղ որևէ տարօրինակ բան չկա, սակայն հարց է առաջանում, թե որպես ով է Ավինյանն ուղեկցել Փաշինյանին: Եթե որպես քաղաքապետի տեղակալ, ապա պետք է հիշեցնել, որ նա արձակուրդի մեջ է, իսկ եթե որպես քաղաքապետի թեկնածու, ապա հարց է առաջանում, թե ինչու հենց նա: Ինչու Նիկոլ Փաշինյանն իր հետ ման չի տվել Երևանի քաղաքապետի մյուս թեկնածուներից որևէ մեկին: Հարցի պատասխանը մեկն է: Մենք գործ ունենք վարչական ռեսուրսի օգտագործման հետ:

Նշենք, որ Ավինյանը երեկ աշխատանքային ժամին քարոզարշավ էր անում Ավան վարչական շրջանում: Հետևաբար, դա նշանակում է, որ նա արձակուրդի մեջ է եղել: Իսկ եթե այդպես չէ, ապա մենք գործ ունենք հերթական խայտառակության հետ:

Այն, որ Փաշինյանը սկսել է պտտվել մայրաքաղաքում, նշանակում է, որ նա արդեն անձամբ է մտնում խաղի մեջ՝ մեծ թիկնազորով մասնակից դառնալով քարոզարշավին: Իսկ այն, որ նա հասցրել է կես օրվա մեջ 8 վարչական շրջան այցելել, ենթադրվում է, որ այդ այցերը պրոֆիլակտիկ բնույթ են կրել՝ նա հիշեցրել է պետական հաստատությունների անձնակազմերին, թե ում պետք է ընտրել Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում՝ լրացուցիչ անգամ է հիշեցրել: Սա վարչական ռեսուրսի օգտագործման վառ օրինակ է:

Սակայն այն, ինչ եղավ օրվա արդեն երկրորդ կեսին, շոկի մեջ է գցել այս իշխանություններին քիչ թե շատ համակրող քիչ թե շատ մտածող մարդկանց: ՖԲ օգտատեր Արթուր Չախոյանն իր էջում տեսանյութ հրապարակեց, որն արվել է սեպտեմբերի 7-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած ՔՊ հանրահավաքի ժամանակ: Տեսանյութում պարզ երևում ու լսվում է, թե որ մանկապարտեզից, որ պետական հաստատությունից քանի մարդ է բերվել հավաքին՝ ցուցակով, թվերով: Եթե մի կողմից սա հիշեցնում է հին բարքերը, մյուս կողմից ակնհայտ է դառնում, որ այս իշխանություններն արդեն վաղուց գերազանցել են իրենց սիրելի նախկիններին:

Որպես հավելում հայտնենք, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում թաղապետի նախաձեռնությամբ լվացքի մեքենաներ ու կահույք են բաժանել քաղաքացիներին: Սա արվում է ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Սրանց կարող ենք գումարել այն, որ ընտրություններից 2 օր առաջ՝ լռության օրվանից ժամեր առաջ, Հանրային հեռուստաընկերության հյուրն է լինելու Տիգրան Ավինյանը՝ ՔՊ քաղաքապետի թեկնածուն:

Այս 3-4 օրինակներն այն բազմաթիվ օրինակներից միայն մի քանիսն են, թե ինչպես է իշխող ուժը վարչական ռեսուրս օգտագործում ընտրություններում առանց այն էլ անհավասար պայքարում իր դիրքերն ավելի բարելավելու համար:

Հավելենք, որ ՔՊ շտաբի պետը, ով սիրում է արագ հերքել ամեն ինչ, այս անգամ լռում է:

Նույն շարքից