Բարի օր Լրահոս Հասարակություն 

Ով է պատժելու Տիգրան Ավինյանին ամեն ինչի համար

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին մնացել է ընդամենը 6 օր, իսկ ընտրություններին մասնակցող ուժերն ընդամենը 4 օր ժամանակ ունեն համոզելու քաղաքացիներին, որ հենց իրենք են լավագույն տարբերակն ու հենց իրենք են արժանի քաղաքացու քվեն ստանալու ու առաջիկա 5 տարիներին Երևանը կառավարելու համար:

Հենց քիչ ժամանակն է պատճառը, որ մասնակից ուժերն աստիճանաբար մարտադաշտ են նետում իրենց բոլոր ուժերը՝ շատ դեպքերում խախտելով օրենքներ, իսկ որոշ դեպքերում՝ դա անելով շատ անթաքույց ու անամոթաբար: Հայաստանում ու մասնավորապես Երևանում այս հարցում մենաշնորհ միշտ ունեցել է իշխող ուժը, այս դեպքում՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որը ոչ միայն նմանվել է նախկիններին, այլ նաև գերազանցել է նրանց շատ հարցերում:

Այսօր ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Արաբկիր վարչական շրջանում: Քարոզարշավը, ինչպես ամեն օր գլխավորում է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նա դա անում է՝ չնայած այն հանգամանքին, որ այսօր առավոտյան վարում էր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստը: Այսինքն, նա այսօր, որքան էլ փորձի հերքել, քարոզարշավին մասնակցում է որպես ոչ թե քաղաքապետի թեկնածու, այլ՝ փոխքաղաքապետ, ինչն օրենքի ուղիղ խախտում է:

Եթե նախորդ երկուշաբթի օրերին նա երբեմն նախընտրում էր արձակուրդի գնալ՝ մասնակցելով քարոզարշավին, երբեմն չգնալ՝ վարելով նիստերը, այս երկուշաբթի որոշեց և՛ արձակուրդի չգնալ, և՛ քարոզարշավին մասնակցել: Նա ուղղակի չէր կարող կորցնել մեկ օր:

Ստացվում է, որ ընտրություններից հաշված ժամեր առաջ Ավինյանը ցույց է տալիս, որ թքած ունի բոլոր օրենքների վրա: Թե որքանով կարող է նման մարդը կառավարել մայրաքաղաք, լուծել խնդիրները՝ դա անելով օրենքի սահմաններում, թողնում ենք յուրաքանչյուր քաղաքացու կարծիքին, իսկ մինչ այդ խոսենք ևս մեկ հատկանշական հանգամանքի մասին. հանգստյան օրերին ՔՊ-ն՝ ի դեմս շտաբի պետի, ի վերջո բարեհաճեց արձգանքել Ավինյանի հավաքներին այդ թվում մանկապարտեզներից ու դպրոցներից ցուցակներով մարդկանց բերելու աղմկահարույց պատմությանը:

Բնականաբար ՔՊ-ում հոգ չեն տանում այն մասին, որ հիմնավոր որևէ բան հերքեն, նրանց խնդիրն է ուղղակի տեքստ տարածել՝ իբր անդրադառնալով միջադեպերին: Սակայն այս դեպքում հատկանշական է, որ այսպես կոչված հերքման տեքստում ՔՊ-ն խոսել է միայն վերջին տարում 24 մանկապարտեզ հիմնանորոգելու մասին: Ի՞նչ կապ կարող է ունենալ դա ընդհանրապես այս պատմության հետ:

Ամեն ինչ ավելի քան պարզ է, ՔՊ-ն նախ ոչ ուղղակի հաստատում է, որ հենց ընտրությունների համար է դա արել, երկրորդն էլ հիշեցնում, որ հենց այնպես չեն արել: Նախընտրական քարոզարշավին քիչ թե շատ հետևող ու քիչ թե շատ օրենքներին տեղյակ մարդիկ արդեն իրենց համար արձանագրել են փաստը, որ ՔՊ-ն օրենքներ է խախտում: Սակայն դա միակ արձանագրումը չէ: Արձանագրվել է նաև այն, որ պատկան մարմինները, որոնք պետք է արձագանքեին դրան, լռում են: Խոսքը մասնավորապես Դատախազության ու ԿԸՀ-ի մասին է:

Կարող են այս ցանկի մեջ տեղավորել նաև ԿԳՄՍՆ-ին, որը գալչկայի համար հայտարարություն տարածեց, որ չի կարելի դպրոցները ներգրավել քաղաքական պրոցեսների մեջ ու մի կողմ քաշվեց: Ու ոչ մի հետևողականություն: Լռում են նաև այն կազմակերպություններ, որոնք ֆինանսավորում են ստանում արևմտյան հայտնի ֆոնդերից ու միշտ աղմուկ են բարձրացրել՝ անգամ դատարկ տեղը: Լռում են բոլորը՝ մեղադրելով միայն ժողովրդին, որը միշտ է, գրեթե անտարբեր եղել քաղաքական գործընթացներին ու գրեթե միշտ ակտիվացել է միայն սույն կազմակերպությունների հրահրամամբ:

Իշխանություններն ու մասնավորապես Տիգրան Ավինյանը որոշել են, որ իրենք անպատիժ են, կարող են անել այն, ինչ ցանկանում են, խախտել բոլոր այն օրենքները, որոնք պետք է խախտել ընտրվելու համար: Առաջին հայացքից հենց այդպես է: Հարց է առաջանում, թե ով է այն մարդը կամ մարդիկ, ովքեր պետք է պատժեն նրանց: Իսկ պատասխանն առավել քան ակնհայտ է: Տիգրան Ավինյանին ու ՔՊ-ին այդ թվում նաև բոլոր խախտումների համար պատժողն այս դեպքում երևանցին է, ով իր քվեով կարող է ընդամենը մեկ օրվա մեջ ցույց տալ նրանց, թե որտեղ են ննջում խեցգետինները:

 

Նույն շարքից