Բարի օր Հասարակություն 

Ո՞ւմ է պատկանում շքեղ տունը, որտեղ է ապրում է Տիգրան Ավինյանն ու որքան արժե այն

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններում իշխող ուժի թեկնածու Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ առաջարկելով մեկ օր անցկացնել իր հետ: Փոխքաղաքապետը ոչ միայն առաջարկում է ծանոթանալ իր օրվա անցուդարձին, այլ նաև գումար է ծախսում այդ տեսահոլովակը ֆեյսբուք սոցիալական ցանցում գովազդի տակ պտտելու համար:

Առհասարակ վերջին շաբաթների ընթացքում՝ դեռ մինչև քարոզարշավի սկսելը, ՔՊ թեկնածուն իր հետ կապված բազմաթիվ նյութեր է գովազդի տակ պտտում սոցկայքում՝ ոչ փոքր գումարներ ծախսելով դրա վրա: Չնայած, հանուն արդարության, պետք է ասել, որ սա աննշան գումար է, եթե համեմատենք այն միլիոնների հետ, որոնք նա ծախսում է օրինակ պլակատների և մյուս ամեն ինչի վրա:

Վերադառնալով նշյալ տեսանյութին՝ նշենք, որ հենց սկզբում երևում է, թե ինչպես է Տիգրան Ավինյանը նախաճաշում իր ընտանիքի անդամների հետ, ապա նստում շքեղ ավտոմեքենան ու գնում գործի: Տեսանյութում երևում է, որ փոխքաղաքապետն ապրում է բավականին շքեղ տանը ու վարում է ամերիկյան ֆիլմերի կինոյի տղայի կյանք:

Իսկ ի՞նչ տան մասին է խոսքը: Երբ ծանոթանում ենք պաշտոնը ստանձնելու պահին, այն է 2022 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ ներկայացրած հայտարարագրին, տեսնում ենք, որ Ավինյանը հայտարարագրել է ընդամենը մեկ անշարժ գույք՝ ավտոտնակ: Ինչ վերաբերում է տանը, ապա այն հավանաբար այն անշարժ գույքն է, որը հայտարարագրում ներկայացված է որպես երրորդ անձի պատկանող անշարժ գույք, որը փաստացի տիրապետվում է Ավինյանի կողմից:

Այդ գույքի մասին խոսք կա նաև այն հայտարարգրում, որն Ավինյանը ներկայացրել է փոխվարչապետի պաշտոնից հեռանալու պահին՝ 2021 թվականի փետրվարի 8-ին: Իսկ ահա դրանից առաջ ներկայացված հայտարարագրում դրա մասին արդեն որևէ խոսք չկա: Եթե փոխվարչապետի պաշտոնից հեռանալու պահին ներկայացված հայտարարագրում նշված չէ, թե որտեղ է գտնվում տունը,Երևանի փոխքաղաքապետի պաշտոնը ստանձնելու պահին ներկայացված հայտարարգրում ասվում է, որ այն գտնվում է Արաբկիր վարչական շրջանում: Այլ տեղեկություն չկա: Սա հենց այն տունն է, որի մասին օրեր առաջ գրառում էր արել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը՝ բարձրաձայնելով այն հարցերը, որոնք քաղաքացիները հնչեցնում են Տիգրան Ավինյանի վերաբերյալ:

Առաքելյանը, դիմելով Ավինյանին, մասնավորապես հարց էր բարձրացրել՝ ճի՞շտ է, որ Այգեձորի Ձեր առանձատունը արժի 10 մլն դոլար: Ավինյանը կամ նրա հետ կապ ունեցող որևէ մեկը չի պատասխանել այդ հարցին, վստահաբար չեն էլ պատասխանելու: Երևանցիներն իրենք կարող են ենթադրել, թե ինչ տուն է այն, արդյո՞ք Ավինյանին չի պատկանում, իսկ եթե նրան է պատկանում, ապա ինչ գումարներով է կարողացել ձեռք բերել այն: Կամ դրա փոխարեն կարող են իրենց քվեով որոշել վերջինիս ճակատագիրը՝ այդ թվում հնարավորություն տալով հաջորդ իշխանություններին պարզել դրա ծագումնաբանությունը:

Նույն շարքից