Լրահոս Միջազգային 

Հայաստանում ՌԴ ռազմական ներկայության մասին ցանկացած քննարկում տեղին չէ. ՌԴ ԱԳՆ

analitik.am

Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը քննարկելը տեղին չէ և վնասակար է։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի թեմայի մասին խոսելիս նա հիշեցրել է, որ «դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին` հիմնվելով երկու պետությունների ազգային շահերի վրա»։

«Այդ փաստաթղթի 26-րդ հոդվածի համաձայն` մեր զինծառայողների գտնվելու ժամկետը 49 տարի է, այդ ժամկետի ավարտից հետո համաձայնագիրն ինքնաբերաբար երկարացվում է 5 տարի ժամկետով», – նշել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով` «ՌԴ զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել ոչ միայն Հայաստանի խաղաղությունն ու անվտանգությունը, այլև կայունությունը ողջ Հարավային Կովկասում»։

Հիշեցնենք, որ ռուսական ռազմաբազան Հայաստանում տեղակայված է համաձայն 1995 թվականի Մոսկվայի և Երևանի միջև կնքած միջպետական պայմանագրի։ ՌԴ–ն և Հայաստանը 2010 թվականի օգոստոսի 20-ին երկարացրել են պայմանագրի ժամկետը մինչև 2044 թվականը։ Գյումրու 102-րդ ռազմակայանի օդային բաղկացուցիչը Երևանում գտնվող «Էրեբունի» օդանավակայանն է, որի անձնակազմը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ պետությունների ՀՕՊ միավորված համակարգում հակաօդային պաշտպանության գծով։

Նույն շարքից