Տնտեսություն 

Հայաստանի աշխարհագրական դիրքը դանդաղեցնում է ԵՏՄ–ի ինտեգրումը, սակայն բոլոր բարդությունները լուծելի են. փոխվարչապետ

analitik.am

Հայաստանի աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս երկրին հեշտությամբ դառնալ Եվրասիական տնտեսական տարածքի մի մաս, Lenta.ru–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը։



«Օրինակ` եթե խոսենք եվրասիական տնտեսական ինտեգրման մասին, ապա այստեղ խնդիրը Հայաստանի աշխարհագրական դիրքն է, որը թույլ չի տալիս նրան հեշտությամբ դառնալ այդ տարածքի մի մասը։ Մեզ հարկավոր են հաղորդակցության ուղիներ միության մնացած մասնակիցների հետ։ Օրինակ` գոյություն ունի «Վերին Լարս» հսկիչ անցակետը։ Սակայն մի շարք պատճառներով դրա թողունակությունը բավականին սահմանափակ է։ Սակայն լուծելի խնդիր է։ Եվ հիմնականում մեր բոլոր բարդությունները լուծվող են», – ասել է Գաբրիելյանը։



Նրա խոսքով` Վերին Լարսի թողունակությունը կարելի է ավելացնել` այդ անցակետի միջով անցնող հայկական բեռների համար «կանաչ միջանցք» ապահովելու միջոցով։



«Այս հարցով դրական որոշում արդեն ընդունվել է։ Բացի այդ, Վերին Լարսում ստեղծված է մաքսակետ ենթաակցիզային ապրանքների հետ աշխատանքի համար։ Դա կարևոր է, քանի որ Հայաստանից Ռուսաստան է մատակարարվում գինի և կոնյակ», – նշեց Գաբրիելյանը։



Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վարին Լարս» հսկիչ անցակետը ապահովում է Հայաստանի և Ռուսաստանի միջև միակ ուղիղ վերգետնյա տրանսպորտային կապը։ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պայմաններում «Վարին Լարսը» կարևոր դերակատարություն ունի արտաքին աշխարհի հետ հանրապետության տնտեսական կապերում։



Փոխվարչապետի խոսքով` անցակետի թողունակությունը կավելանար, եթե այնտեղ ճանապարհն ավելի լայն լիներ։



«Այն լեռնանցք է, ձմռանը մայրուղին զգալիորեն նեղանում է։ Հասկանալի է, որ նման խնդիրները մի քանի ամսում չի հաջողվի լուծել, սակայն եթե դրանցով լրջորեն և հետևողականորեն զբաղվենք, ապա պայմանները, իհարկե, կլավանան», – նշել է Գաբրիելյանը։



Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը 2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵՏՄ–ի մասին պայմանագիր են ստորագրել, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի 1-ին։ Հունվարի 2-ից ԵՏՄ–ին է միացել Հայաստանը։ Նախատեսվում է, որ մայիսին կմիանա նաև Ղրղըզստանը։

Նույն շարքից