Հարցազրույց Քաղաքականություն 

Առաջիկայում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի թվաքանակը Սիրիայում կնվազի. Արաքս Փաշայան

analitik.am

Սիրիան աշխարհի այն երկրներից է, որտեղ հայկական մեծ համայնք կա։ Ուստի Սիրիայում տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, իրենց ազդեցությունը կարող են ունենալ նաև այնտեղ բնակվող հայերի վրա։ Սիրիայում տիրող քաղաքական իրավիճակի մասին analitik.am-ը զրուցեց արաբագետ Արաքս Փաշայանի հետ:

Սիրիայում  կառավարական ուժերի հավանական հաղթանակի ու սիրիական ճգնաժամի ավարտի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք:

 

Հակամարտությունը դեռևս շարունակվում է, Սիրիան ներքաշվել է ծանրագույն ճգնաժամի մեջ: Թեև ըննդիմադիրներին չի հաջողվել տապալել իշխող վարչակարգը, սակայն բռնություններն ու հումանիտար ճգնաժամը շարունակվում են: Այնպես որ, պատերազմը կարող է երկար տևել, հանգուցալուծումը դեռևս անորոշ է:

Որո՞նք են Սիրիայում տիրող քաղաքական իրավիճակի վերջին կարևոր զարգացումները:

Ահաբեկչական խմբավորումների բռնությունները, ջիհադականության ու սալաֆիականության նոր ալիքը:

 

Սիրիայում հայ համայնքի իրական սոցիալ-տնտեսական և քաղաքկան դրությունը  ինչպիսի՞ն է:

Բավական ծանր:  Հայերը բախվել են բազմաթիվ խնդիրների, որոնցից լրջագույնը անվտանգությունն է: Բացի այդ, նրանք կենսական ահրաժեշտություն ունեցող ապրանքների խիստ պակաս ունեն: Նրանց կյանքը և ունեցվածքը երաշխավորված չեն այլևս: Սակայն հայկական կրոնական և աշխարհիկ-ազգային իշխանությունները գործում են: Կյանքը շարունակվում է: Շատերը նույնիսկ չեն ուզում հեռանալ Սիրիայից:

Ձեր կարծիքով ինչքանո՞վ է իրատեսական սիրիական կոնֆլիկտի շուտափույթ լուծումը:

Եթե զինյալները դրսից ֆինանսավորում ու տեխնիակական աջակցություն չստան, հակամարտությունը շատ շուտ կավարտվի:  Ամենաշատը շուտափույթ կարգավորմանը սպասում են հենց իրենք՝ սիրիացիները, ինչն այս պահին կարծում եմ՝ այնքան էլ տեսանելի չէ:

 

Մուսուլման-քրիստոնյա հարաբերություններն  ինչպե՞ս կգնահատեք:

Ավանդականորեն Սիրիայում խաղաղ գոյակցել են տարբեր կրոններ, երկիրը հիմնված էր էթնիկ ու դավանական համերաշխության վրա: Կար հանդուրժողականություն: Ջիհադականները փորձում են խարխլել այդ հավասարակշռությունը: Բացի այդ, մեծացել է կրոնականացվածության աստիճանը, կրոնական ծայրահեղականությունն է գլուխ բարձրացրել: Կարծում եմ, հնարավոր կլինի ինչ որ կերպ վերականգնել այդ հավասարակշռությունը պատերազմի ավարտից հետո: Սակայն մի բան հստակ է, որ Մերձավոր Արևելքում քրիստոնությունը վտանգված է: Առաջիկայում քրիստոնյաների, այդ թվում՝ հայերի թվաքանակը Սիրիայում կնվազի:


Սիրիա-թուրքական  սահմանում  քրդական պետության ստեղծման հավանականության աստիճանը այս պահին ինչքա՞ն է:

Պատերազմը անկախական տրամադրությունների առումով շահեկան եղավ քրդերի համար: Նրանք ինքնավար են իրենց տարածքներում թեև շատ զոհեր ու մեծ կուրստներ ունեցան պատերազմից: Բայց անկախությունն այս պահին այդքան էլ իրատեսական չէ:

Սիրիա-Թուրքիա փոխհարաբերությունների ներկայիս զարգացումները ինչպիսի՞ն են:

Թշնամական: Թուրքիան այն պետություններից է, որ նպաստեց Սիրիայի ներկա ճգնաժամին, Սիրիայի թուլացմանը: Կարծում եմ, դեռ երկար տարիներ երկու պետությունների միջև լարվածությունը կպահպանվի: Սակայն Սիրիայում հնարավոր վարչակագի փոփոխության դեպքում հարաբերությունները կարող են վերանայվել: 

Նույն շարքից