Հարցազրույց Տնտեսություն 

«Էլեկտրաէներգիայի թանկացման որոշումը սկզբից մինչև վերջ կոռուպցիա է». Զոյա Թադևոսյան

analitik.am

Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը շուրջ երկու ամիս ուսումնասիրել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ներկայացրած՝ լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ ծախսերի և պարտավորությունների 2014-2015 թվականների կանխատեսումները ու պարզել, որ 2014-2015 թվականներին սպասվում են էլեկտրաէներգետիկ համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում


Փաստորեն, արդեն գրեթե հաստատ է, որ Հայաստանում էլեկտրաէներգիան թանկանալու է մոտ 10 տոկոսովՈւ նշվում է, որ պատճառը այս համակարգում ֆինանսական 20 մլրդ դրամի ճեղքվածքն է


Արդարացված է արդյոք այս որոշումը և ինչ ազդեցություն կունենա նշված թանկացումը Հայաստանի տնտեսության վրա: Այս հարցերի շուրջ Analitik.am-ը զրուցել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամտնտեսագետ  Զոյա Թադևոսյանի հետ:

 

-Տկն Թադևոսյան, ըստ Ձեզ, 20 մլրդ դրամի ճեղքվածքն արդարացնու՞մ է էլեկտրաէներգիան թանկացնելու որոշումը:

- Աղքատ, անընդհատ նվազող տնտեսական զարգացման ռեսուրսներ և հնարավորություններ, տնտեսական անբավարար մրցունակություն ունեցող երկրում, երկիր, որտեղ գլխավոր հարստությունը` աշխատուժն է, հետևաբար և բնակչությունը լքում է իր մշտական բնակավայրը և գոյատևելու պայմաններ փնտրում հարազատ օջախից հազարավոր կիլոմետրեր հեռու` կնշանակի այդ երկրի իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած միջոցառում արդարացված չէ: Անարդյունավետ գործող ցանկացած կառավարության գործունեություն կարող է և ինչպես տեսնում ենք, պարբերաբար հանգեցնում է տարբեր մասշտաբի ֆինանսական «ճեղքվածքների»: Ո՞րն է ժողովրդի մեղքը, ինչո՞ւ դրա համար պետք է պատասխան տա ժողովուրդը: Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ վեց ամիս անց նորից մի 10 տոկոս թանկացման խնդիր չի առաջանալու: Կարո՞ղ էին ոլորտի պատասխանատուները վաղօրոք գնահատել այդ ճեղքվածքի հավանականությունը: Կարող էին: Չեն արել: Ուրեմն կամ իրենց տեղերում չեն, անպատասխանատու են, կամ ժողովրդին խաբում են: Թող իրենք տան իրենց գնահատականը:

 

Ուրիշ   ի՞նչ  եղանակով կարելի է փակել այդ  ֆինանսական ճեղքվածքը:

 

- Եթե ընտանիքը խաղամոլ, ընտանիքի շահերը ոտնահարող, տան փողերը անխնա վատնող, ընտանիքի անդամների վրա թքած ունեցող խորթ «հոր» պատճառով ֆինանսական ճեղքվածք է ունենում, որտեղի՞ց է լրացնում այդ ճեղքվածքը: Կամ ընտանիքի անդամները գոտիները պինդ ձգում են, կամ պարտք են վերցնում, կամ ավելի շատ են աշխատում, որպեսզի կարողանան ավելի շատ վաստակել և փակել «հոր» պարտքերը: Հիմա, մեր ժողովրդի գոտիները մինչև վերջ ձգած է, պարտք էլ չեն տալիս, քանի որ տեսնում են պարտք վերադարձնելու ռեսուրս չունենք, իսկ այլ աշխատանք փնտրելն էլ անհույս է: Մնում է մեկ ճանապարհ:

 

Եվ այդ ճանապարհն է …

 

-  Խորթ հորը ցույց տալ իր տեղը: Խաղամոլությունն անբուժելի հիվանդություն է, հետևաբար խաղամոլը պետք է մեկուսացվի հասարակությունից, ընտանիքից, հակառակ դեպքում հասարակությունն ու ընտանիքը կործանվում են:

 

-Թանկացնելու որոշումը կոռուպցիոն ռիսկեր պարունակու՞մ  է՝ ըստ Ձեզ:

 

- Այդ որոշումը սկզբից մինչև վերջ կոռուպցիա է, էլ ի՞նչ ռիսկ: Դա թալանի սարգսյանական քաղաքականության շարունակությունն է, իսկ Տիգրան Սարգսյանը կարող է հավակնել դարի ամենակոռումպացված վարչապետի տիտղոսին:

 

Եվ, ի վերջո, ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա էլեկտրաէներգիայի թանկացումը:

 

- Վերջին տարիներին էլեկտրաէներգիայի բազմակի թանկացման հետ կապված` այս հարցը մշտապես հնչող հարց է: Էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումն անմիջականորեն ազդում է ապրանքների գնի վրա, որովհետև չկա մեկ արտադրություն, որտեղ էլեկտրաէներգիա չի օգտագործվում: Իսկ դա նշանակվում է ՀՀ արտահանման մրցունակության բարձրացման մասին խոսակցություններն այլևս դառնում են մեր տնտեսական ներուժի բարելավման մասին իշխանությունների երեսպաշտական դեգերումներ, և բացի այդ, ինչն ամենակարևորն է՝ բնակչության աղքատացումն ավելի կխորանա:


Հարցազրույցը՝ Սեդա Հերգնյանի

Նույն շարքից